Դասագրքերում կլինեն «բեկումնային փոփոխություններ»
«Նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` կապված որոշ դասագրքերի որակի եւ ծանրաբեռնվածության հետ, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին, հետեւաբար նախարարությունը նախատեսում է բեկումնային եւ արմատական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում: Հանդիպումներ են անցկացվելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` քննարկելու հիմնախնդիրը եւ համապատասխան լուծումեր գտնելու համար», - ասված է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նախարարը հիշեցրել է, որ վարչապետի հանձնարարականով նախատեսվում է Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների շրջանակում հիմնել դասագրքաստեղծ կառույց` դասագրքերի ստեղծման գործընթացը համակարգելու նպատակով: Լեւոն Մկրտչյանի խոսքով` բարեփոխումների գործընթացը պետք է սկսել հենց այսօր, որպեսզի հաջորդ տարի արդեն դաշտը բարելավված լինի:
Ըստ նախարարի` քանի որ Հայաստանում բացակայում է դասագիրք գրելու մշակույթը, երբեմն հաշվի չեն առնվում երեխայի ծանրաբեռնվածության աստիճանը, տարիքային առանձնահատկությունները եւ այլն: Լեւոն Մկրտչյանի խոսքով` հիմնականում առկա է երկու դժգոհություն, մասնավորապես, բնագիտական եւ պատմական առարկաների մասով ակադեմիական չափից բարձր մակարդակ եւ հայերենի խրթին շարադրանք: Նախարարը հրատարակիչներին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կամփոփի դասագրքաստեղծ կենտրոնի ձեւավորման վերաբերյալ առաջարկությունները եւ դիտարկումները: