Վարչապետը խնդրում է «հոգի դնել»
«Ցանկանում եմ, որ բոլորս գիտակցենք՝ մենք պետք է ձեւավորենք ռեգիոնալ կառավարման համակարգ եւ մշակույթ: Երբ մարզն ու համայնքն ունենան զարգացման ծրագիր՝ քայլ առ քայլ շարժվելու ենք առաջ: Չափազանց կարեւոր են մարզերի զարգացման ծրագրերը, խնդրում եմ՝ հոգի դնել դրանց իրականացման գործում», - ասել է վարչապետը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել պահուստային ֆոնդից մարզերին հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով:
«Անհրաժեշտ է ընտրել առաջնահերթություն ու մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող խնդիրներն ու ծրագրերը: Այդ գումարները պետք է կառավարել շատ խիստ, բաց, թափանցիկ, հասկանալի: Նշված հինգ միլիարդ դրամը բյուջեում չկար, սա այն օպտիմալացման արդյունքն է, որը մենք արել ենք»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով մարզերից ստացվող ներդրումային ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը հանձնարարված է յուրաքանչյուր օր զեկուցել հավանության արժանացած ծրագրերի իրականացման գործընթացի մասին: