Կստուգվի պատգամավորի թեկնածուների հայերենի իմացությունը
Համապատասխան հրամանն այսօր ստորագրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Ըստ կարգի`թեստավորման արդյունքում կտրվի տեղեկանք: Տեղեկանք ստանալու համար քաղաքացին պետք է դիմի ԿԳՆ:
ԿԳՆ-ում նշել են, որ հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ Ընտրական օրենսգիրքը:
«Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ):
Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է ԿԳՆ-ի սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաեւ գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան»,- սահմանում է ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը: