Հայկ Դավեյան. Նամակ «Ավրորայի» հերոսին
Ողջո~ւյն, տիկին Մարգարիտ: Դիմեցի Ձեզ անունով, քանզի Ձեր անվան մեջ այնքան հարազատ բան զգացի, հայերենում Ձեր անունը խորհրդանշում է բնության ամենաթանկարժեք քարերից մեկը: Ամենաթանկարժեք, ամենաբարի, ամենասիրող… Սիրել բայի գերադրական աստիճանն անգամ չի բավականացնում ներկայացնելու իմ պատկերացումները Ձեր մասին: Բարև Ձեզ, ես Հայկն եմ, և Դուք իմ հերոսն եք:
Երկու տարի առաջ էր, երբ առաջին անգամ կարդացի Ձեր մասին: Ես սկսնակ պատմության ուսուցիչ էի ու որոշել էի, որ 11-րդ դասարանին Հայոց Մեծ Եղեռնի ներկայացումից զատ, ես պետք է նաև ներկայացնեմ աշխարհում կատարված այլ ցեղասպանություններ ևս (Ռուանդայի, Դարֆուրի, Բուրունդույի, Հոլոքոստ և այլն): «Միայն զգալով ուրիշների ցավը, մենք կարող ենք ուրիշներից պահանջել զգալու մերը» կարգախոսով ես սկսեցի պատրաստվել: Սահմռկեցուցիչ էր այն ամենն, ինչ կարդում էի աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների մասին` մարդկային դաժանության աներևակայելի սանդղակներ: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ցեղասպանությունները մարդկության կողմից երբևէ իրագործած ամենամեծ ամոթն են:
Այսպիսի համոզմունքներով ես ներկայացրեցի փոքրիկ դասախոսությունն ուշիմ լասարանիս: Եվ, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ արձագանք ես ստացա դասարանից: Ոչինչ չասող հայացքներ կամ, գուցե, ես չէի ուզում նկատել այդ հայացքներում ասելիքը՝ «Ինչ-որ մարդիկ, ինչ-որ մի տեղ մահացել են, ամեն օր են մարդիկ զոհվում»: Սա գիտակցելն էր ինձ համար ամենասարսափելին, մի՞թե եղեռնի միջով անցած սերնդի ժառանգներից այսպիսի արձագանք էր պետք ակնկալել:
Մտորումներս ահագնանում էին. միթե՞ մեր առօրյան մեզ կենցաղային այնպիսի ցածր աստիճանի է իջեցրել, որ ուրիշի ցավի հանդեպ այդքան անտարբերություն պետք է լիներ: Չփորձելով մեղքը գցել սերնդի վրա, փորձեցի այլ մեղավորներ փնտրել, ի վերջո հասկացա որ մեղքն իմն էր, անհրաժեշտ էր այլ մեթոդներ անդունդի խորությունը պատկերացնելու համար, անհրաժեշտ էր ոչ թե իջնել այդ անդունը, այլ նայել նրան ժայռի կատարից: Թշվառությունը հասկանալու համար պետք է այն համեմատել մեծահոգության հետ, իսկ ծայրահեղ անգթությունը հասկանալու համար պետք է տեսնել անսահման մարդասիրությունը:
Եվ չհանձնվելով` շարունակեցի փնտրտուքներս ու առաջին անգամ կարդացի Ձեր մասին: Անհնար է նկարագրել, թե ինչ մեծ ոգևորություն ապրեցի տեսնելով, որ Ձեզ պես մարդիկ դեռ կան աշխարհում, որ նրանք չեն անհայտացել գեղարվեստական գրականության էջերում, մարդիկ, ովքեր չեն կորցնում իրենց մարդկային հատկանիշներն անկախ շուրջը տիրող անմարդկայնություններից:
Սխալս շտկելու հաստատակամությամբ նախաձեռնեցի դասախոսությանս երկրորդ փորձը, ինքս հասկանում էի, որ այն վճռորոշ է լինելու կամ ինձ, կամ իմ պատկերացումների համար: Այս անգամ չէի խոսելու կոտորածներից, քաղաքական հայտարարություններից, ներազգային կրքերից… Խոսելու էի միայն մի կնոջ մեծահոգությունից, իսկ մնացած ամենը՝ վերջինի համատեքստում: Դուք իմ վերջին փրկության օղակն էիք, որից ես անհուսորեն կառչեցի և ի վերջո գտա ափը:
Ինձ մոտ ստացվեց:
Մենք քննարկեցինք Ձեր կյանքի դրվագները, հերոսությունները, մարդասիրությունն անգամ թշնամու նկատմամբ: Այդպիսի դեմքեր, այդպիսի աչքեր ես դեռ չէի տեսել, իսկ աչքերը չեն ստում, Ձեր կատարած գործերը մարդկային ամենաբարի էության արտահայտությունն են: Մարդկային բարությունն իրականում կա բոլորիս մոտ, սակայն հենց Դուք եք Ձեր գործունեությամբ մեր մեջ արթնացնում մարդկային այն ասպեկտները, որոնց բացակայության պարագայում է, որ մարդկությունը կանգնում է հերթական ամոթի առջև: Վստահ եմ, ինչքան ժամանակ էլ որ անցնի, Ձեր սերը մնալու է երկրի վրա և դրական էներգիայի նման միշտ փոխակերպվելու է բարի արարքների:
Դուք այդուհետ նաև իմ աշակերտների հերոսն եք: Մենք լիահույս ենք, որ երբևէ ամբողջ աշխարհը կդառնա խաղաղության տուն:
Երախտապարտ եմ այն մեծագույն օգնության համար, որ ես ստացա Ձեզանից: Թույլ տվեք լուռ խոնարհվել ու մտովի համբուրել Ձեր ձեռքը, հուսամ` նամակս երբևէ կհասնի Ձեզ անկախ ամեն ինչից, ուրախ եմ, որ կարողացա կուտակված ասելիքս ինչ-որ կերպ արտահայտել, հուսալով, որ այն Ձեզ կհասնի:
Իմ թանկագին հերոս` տիկին Մարգարիտ: