Հրապարակվել է Արցախի Սահմանադրության նախագիծը
![Հրապարակվել է Արցախի Սահմանադրության նախագիծը](http://www.mediamax.am/datas/znews/thumb_1478669869_8778884.jpg)
Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հանրությանն է ներկայացրել Արցախի Սահմանադրության նախագիծը:
Արցախի Ազգային Ժողովի եւ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ փաստաթուղթը մշակվել է հանրապետության նախագահի հավանությանն արժանացած հայեցակարգի շրջանակներում:
«Սահմանադրության հրապարակվող նախագիծն աշխատանքային տարբերակ է: Նոյեմբերի 10-ից կմեկնարկի հանրային քննարկումների շարքը՝ ներկայացված նախագծի շուրջ հասարակության կարծիքներն ու առաջարկությունները ստանալու համար, որից հետո միայն Սահմանադրության նախագիծը կներկայացվի Արցախի նախագահին»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Համաձայն սահմանված կարգի՝ հանրապետության նախագահի հավանությունը ստանալուց հետո Սահմանադրության նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, որին կհաջորդի քննարկումների եւս մեկ փուլ: