Արթուր Պետրոսյան. Փոփոխությունները կտեսնեք արդեն նոյեմբերի 11-ին
Հայրապետյանը նշել է, որ Պետրոսյանը բոլորի համար սիրելի է ու նորանշանակ մարզչին ցանկացել է բեղմնավոր աշխատանք ու հաջողություններ:
Պետրոսյանն էլ իր հերթին ընդգծել է, որ հավաքականում անպայման փոփոխություններ են լինելու ու դրանք կերեւան ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում Չեռնոգորիայի դեմ խաղում, որը կայանալու է նոյեմբերի 11-ին Երեւանում:
«Ցյուրիխում» էլ չեմ աշխատելու: Հայաստանում եմ լինելու ու հետեւելու եմ առաջնության ընթացքին: Աշխատելու եմ բոլոր հանդիպումներին ներկա լինել:
Եթե թիմն առաջընթաց ունենա, դա ինձ համար արդեն արդյունք կհամարեմ»,- ասել է մարզիչը:
Նա փորձելու է թիմին դրական էներգիա փոխանցել ու տղաներին հոգեբանորեն պատրաստել: Պետրոսյանը հավատում է, որ կարողանալու են հաջողություններ ունենալ, հակառակ դեպքում չէր համաձայնվի այս դժվար պահին գլխավորել հավաքականը: «Ես գիտեմ ուր եմ եկել ու ինչի համար: Երկար տարիներ աշխատել եմ հավաքականում, ծանոթ եմ խոհանոցին: Առաջիկա խաղում ամեն ինչ անելու ենք, որ հաղթանակի հասնենք»:
Մարզիչն ավելացրել է, որ երկրպագուների աջակցության կարիքն ունի ու ցանկանում է, որ նրանք թիմի կողքին լինեն:
Պետրոսյանին հավաքականում օգնելու են Ռազմիկ Գրիգորյանն ու Սարգիս Հովհաննիսյանը, իսկ դարպասապահների հետ աշխատելու է Հայկ Կիրակոսյանը: