Հայրապետյան. Պատրաստ եմ հրաժարական տալ, ես էլ եմ արդեն հոգնել
«Ոչ մեկի վրա իմ մեղքը չեմ գցում: Մարզիչները պետք է հայ լինեն, ծանոթ լինեն մեր հավաքականին: Իմ ամենամեծ սխալը արտասահմանցի մարզիչ բերելն է եղել, որի արդյունքում խախտվել է թիմի կարգապահությունը»,- նշել է Հայրապետյանը::
Նա ընդգծել է, որ Վարուժան Սուքիասյանի պրոֆեսիոնալ որակների վրա չի կասկածում, նա ինքն է որոշել հրաժարական տալ երկրպագուների վանկարկումների, սոցցանցերում քննարկումների ու վիրավորանքների պատճառով:
«Հավաքականի աշխատանքը լավ կազմակերպելու, մեր նոր մարզչին` Արթուր Պետրոսյանին, աջակցելու դեպքում արդյունք լինելու է: Թիմում սերնդափոխություն է կատարվում, երիտասարդ ֆուտբոլիստներ են հայտնվում ու նոր խաղաոճ է ձեւավորվում: Պետք է լավ ու նվիրված խաղ պահանջել: Ես լիովին վստահում եմ մեր մարզչին»,- ընդգծել է Հայրապետյանը:
Նա եւս մեկ անգամ անդրադարձել է Յուրա Մովսիսյանի հավաքական չհրավիրվելուն: Հայրապետյանը նշել է, որ Յուրան լավ ֆուտբոլիստ է եղել, սակայն Իտալիայի դեմ խաղից հետո դադարել է ցույց տալ իր որակները:
Ըստ Հայրապետյանի` հայկական ֆուտբոլի հիմնական խնդիրը ակումբների քիչ քանակն ու մանկապատանեկան ֆուտբոլի որակյալ մարզիչների բացակայությունն է: «Մեր մարզիչները համապատասխան քննություններ են հանձնում, որակավորում ստանում, սակայն աշխատում են շատ հին`սովետական մեթոդներով: Ակումբներն էլ ֆինանսական դժվարությունների պատճառով փակվում են»:
Հայրապետյանը չի շրջանցել նաեւ իր հրաժարակի թեման ու հետեւյալն է ասել: «Ամեն պահ պատրաստ եմ հրաժարական տալ, եթե հարմար թեկնածու լինի: Ես էլ եմ հոգնել, չեմ բացառում, որ նոր մարդիկ կգան թարմ ուժերով ու կկարողանան ինչ-որ բան անել: Բայց ո՞ւր են նրանք»,- ընդգծել է նա: