Տիգրան Գյոկչյան. Սուպերլիգայում մեզ բարդ մրցակիցներ են սպասվում
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանն ասել է, որ «Ուրարտուն» դեռ 100 տոկոսով պատրաստ չէ, բայց վերջերս Թբիլիսիում անցկացրած ընկերական բոլոր հանդիպումներում էլ հաղթանակներ է գրանցել իր հաշվին:
«Այնտեղ ցույց տվեցինք, որ մարտունակ ու հետաքրքիր թիմ ենք ստեղծել, ամեն ինչ պետք է լավ ընթանա: Նախապատրաստական փուլերը հստակ չեն եղել, մի քիչ լեգիոներներն ուշացան, բայց ամռանը տղաները ֆիզիկական պատրաստվածության վրա լավ են աշխատել: Ինձ մնում է տակտիկական ու տեխնիկական հարցերը լուծել»,- ասել է մարզիչը:
Թիմը համալրել են 3 ամերիկացի բասկետբոլիստներ, որոնցից մեկը՝ Տոդ Օ’Բրայանը, Հայաստանի քաղաքացիություն ստանալու է ու հանդես է գալու նաեւ հավաքականի կազմում.
«Ուրարտու» ակումբի ստեղծումը Գյոկչյանն արդեն իսկ մեծ հաջողություն է համարում, նա նշում է, որ իրենց առաջնային նպատակը Հայաստանում բասկետբոլը զարգացնելն է: «Թիմը ես համեմատում եմ ձնագնդիկի հետ: Հիմա այն դեռ փոքր է, բայց աստիճանաբար նոր խաղացողներ, հովանավորներ ու երկրպագուներ է ձեռք բերում ու մեծանում»:
Նա ընդգծում է, որ իրենց բարդ մրցակիցներ ու դժվար հանդիպումներ են սպասվում ու կարեւոր է լինելու յուրաքանչյուր խաղը:
«Ուրարտուի» ավագ Ամիրան Ամիրխանովն էլ հույս ունի, որ վաղն իրենց մեծ թվով երկրպագուներ են աջակցելու:
«Մեզ տնային խաղեր են սպասվում, շատ կարեւոր կլինի ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ: Ես հանդես եմ եկել Ռուսաստանում, բոլոր մրցակից թիմերին էլ գիտեմ, նրանք բավականին ուժեղ են»,- ավելացրել է նա: