Կարեն Միրզոյանը ՄԱԿ-ի հանձնակատարին հրավիրել է Արցախ
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից Լեռնային Ղարաբաղ այցելելու մտադրության մասին որեւէ հարցում չեն ստացել, եւ ափսոսանք է հայտնել, որ գրասենյակն ավելի քան երկու տասնամյակ է՝ չի կարողանում այցելել ԼՂՀ։
«Կարծում ենք՝ ՄԻԳՀԳ-ը պետք է հնարավորություն ունենա ստուգելու ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն խախտման՝ պատշաճորեն փաստագրված դեպքերը եւ ռազմական հանցագործությունները՝ ինչպես ԼՂՀ քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինծառայողների դեմ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի այդ հանցագործություններին՝ դրանց կրկնությունը կանխելու նպատակով, հակառակ դեպքում, իրականացնողների անպատժելիությունը կարող է խրախուսել հետագայում եւս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ուժի կիրառումը»,- նշված է նամակում։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հրավիրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին այցելել Լեռնային Ղարաբաղ, կամ ուղարկել թիմ՝ անաչառ եւ օբյեկտիվ գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում առկա իրավիճակին, ինչպես նաեւ այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրագործված հանցագործություններին։