Ավետիք Չալաբյան. «Խուսափենք ինքնակործանումից»
«Երբ իշխանությունը դադարում է հաղորդակցվել իր քաղաքացիների հետ, և փոխարենը անցնում է ոստիկանական ճնշման միջոցով քաղաքական խնդիրների լուծելու, երբ ոստիկանները դադարում են պաշտպանել քաղաքացիների անվտանգությունը, և անցնում են քաղաքացիներին ուժային ճնշման միջոցով հասարակական կարգի պաշտպանության խնդիրներ լուծելու, երբ օլիգարխներին ծառայող թափթփուկները իրենց երկար կուտակած ատելությունն են թափում մարդկանց վրա, և երբ քաղաքացիները հետևում են արկածախնդիրների, որոնք նրան անխնա տանում են ոստիկանական պատի վրա, մենք անցնում ենք մի սահման, որտեղ արյանը փոխարինելու է արյան ծովը, ամեն նոր զոհ հիմնավորվելու է նախորդ զոհերով, ամեն բռնություն՝ նախորդ բազմաթիվ բռնությունուններով։
Մենք, առաջին քրիստոնեական ազգը, դառնալու ենք վերջին անհավատ թափառականը։ Մեր հյուրընկալ տունը կդառնա ավերակ, իսկ մեր ընկերները ողջ աշխարհով երես կշրջեն մեզանից։ Մենք՝ ցանկանալով փոխել այս վատ իշխանությունը՝ կմնանք ընդհանրապես առանց իշխանության և օրենքի։
Իշխանությունը, փորձելով ժողովրդին պարտադրել իր կամքը, կմա առանց ժողովրդի։ Եվ մենք բոլորս կկորցնենք մեր հայրենիքը, ինչպես կորցրել ենք շատ անգամ, և ամեն անգամ՝ մոտավորապես հենց այսպես։
Մենք կանգնած են ընտրության առաջ, որից հետո Երևանը կարող է դառնալ Հալեպ, Ստեփանակերտը՝ Խանքնենդի, իսկ արտագաղթը կդառնա մեծ գաղթ։ Փորձելով բռնության միջոցով ստանալ ավելին, քան արժանի ենք, մենք կզրկվենք այն ամենից, ինչ վաստակել ենք արժանաբար։
Մենք բոլորս դեռ կարող ենք կանգնել, ու մտածել, արդյոք յուրաքանչյուր կողմի նպատակաները արդարացնում են այն միջոցները, որոնց նրանք դիմում են, և արդյոք մենք չունենք ավելի խելամիտ միջոցներ՝ խուսափելու ինքնակործանումից»,- գրել է Ավետիք Չալաբյանը:
Այս հղումով կարող եք կարդալ Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Մեդիամաքսին, որն արվել էր ապրիլյան պատերազմից հետո: