Նալբանդյան. Ադրբեջանը կրկին փորձում է հետքայլ անել
Էդվարդ Նալբանդյանն այդ մասին ասել է Վարշավայում՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա ասել է, որ ՀՀ նախագահը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Վարշավայում կայացած հանդիպումներին քննարկել է այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ վերահաստատվել Սանկտ-Պետերբուրգում։
«Եթե դրանք իրականացվեն, համապատասխան պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Խոսքը գնում է հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Չնայած Ադրբեջանը ձեւացնում է, թե չգիտի, ինչի մասին է խոսքը, եռանախագահող երկրները բավական մանրամասն առաջարկներ են ներկայացրել: Հայաստանն արձագանքել է եւ տվել է իր, ընդհանուր առմամբ, դրական կարծիքը այս մեխանիզմի ստեղծման առնչությամբ: Տարիներ շարունակ է այս նախաձեռնությունը քննարկվում էր։ Դեռ 2011, 2012թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած գագաթաժողովների արդյունքում հրապարակվեցին համապատասխան հայտարարություններ, որոնցում հստակ նշվում էր այս մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց ամեն անգամ Ադրբեջանը հետ քայլ էր կատարում: Այս անգամ եւս Վիեննայից եւ Սանկտ-Պետերբուրգից հետո Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել այդ պայմանավորվածություններից` ձեւացնելով, թե այդպիսի պայմանավորվածություն ընդհանրապես ձեռք չի բերվել։ Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթաժողովի արդյունքում հրապարակած իրենց հայտարարության մեջ հստակ ասում էին, որ նախագահները պայմանավորվել են այդպիսի մեխանիզմի ստեղծման մասին», - ասել է Նալբանդյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ Վարշավայում հանդիպել է եռանախագահների հետ։
«Մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունների շուրջ մենք շարունակելու ենք քննարկումները. տեսնենք, թե ինչպես կարելի է իրագործել: Ամեն դեպքում եռանախագահող երկրները, ԵԱՀԿ գործող նախագահը` Գերմանիայի արտգործնախարարը, բավական հաստատակամ են: Հնարավոր չէ հանդիպումից հանդիպում որեւէ հարցի շուրջ պայմանավորվել, եւ կողմերից մեկը հետ քայլ անի», - նկատել է Էդվարդ Նալբանդյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ