Մարմնամարզության հավաքական. Օլիմպիական ուղին
Հայաստանի մարմնամարզության հավաքականն առաջին անգամ Օլիմպիական խաղերում ունենալու է 3 մասնակից:
Օգոստոսի 5-21-ն արեւային ու պայծառ Ռիոյում հանդես են գալու Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի գավաթակիր Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), Եվրոպայի փոխչեմպիոն ու Աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը (հենացատկ) եւ Հուռի Գեբեշյանը (հենացատկ):
Արթուրն ու Հարությունը ներկայացնում են Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցը, իսկ ահա Հուռին ապրում ու մարզվում է ԱՄՆ-ում:
Մարմնամարզությունը Հայաստանում միշտ էլ լավ անադույթներ է ունեցել ու բազմաթիվ տիտղոսակիր մարզիկներ տվել:
Հայ առաջին Օլիմպիական չեմպիոնները հենց մարմնամարզիկներ են եղել: 1952 թվականին Հելսինկիի Օլիմպիական խաղերում Հրանտ Շահինյանին հաջողվեց առաջին ոսկին նվաճել Խորհրդային Հայաստանի համար: Օղակների վրա նա անգերազանցելի է եղել, մեկ անգամ էլ պատվոհարթակի առաջին աստիճանին է կանգնել թիմային պայքարում: Իսկ նժույգթափում ու բազմամարտում նվաճել է արծաթե մեդալներ:
Հետո եկավ Ալբերտ Ազարյանի ժամանակը: Երեք ոսկի էլ նա գրանցեց իր հաշվին 1956-ին Մելբուռնում՝ իր սիրելի օղակների վրա ու թիմային պայքարում: 4 տարի անց «օղակների արքան» կրկին անգերազանցելի էր՝ այս անգամ Հռոմում:
1980-ին էլ Մոսկվայում Ալբերտ Ազարյանի որդուն՝ Էդուարդ Ազարյանին հաջողվեց ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճել:
Անվանի օլիմպիականների ուղին շարունակելու հերթը երիտասարդ մարզիկներինն է, որոնք վերջին տարիներին չեն դադարում ուրախացնել իրենց նվաճումներով:
Հարություն Մերդինյան
Թեեւ Մերդինյանը բազմիցս է փորձել Օլիմպիական ուղեգիր նվաճել, սակայն նրա աստեղային ժամը եղավ 2015-ին Գլազգոյում կայացած Աշխարհի առաջնությունում: 31-ամյա մարզիկը նվաճեց բրոնզե մեդալ ու, որ ամենակարեւորն է, իրականացրեց իր սպորտային ամենամեծ երազանքներից մեկը:
Մեկ մեդալով նա միանգամից 3 կարեւոր նվաճման հասավ, կարողացավ նաեւ 32 տարի անց Հայաստանին առաջին մեդալը պարգեւել ԱԱ-ից:
Այս տարի էլ մարմնամարզիկը նոր հաջողություն ունեցավ, նա հիանալի հանդես եկավ ու անկախ Հայաստանին առաջին ոսկե մեդալը պարգեւեց ԵԱ-ից:
Առջեւում տարվա ամենակարեւոր սպորտային իրադարձությունն է, որտեղ Հարությունը մեդալների իր հավաքածուին փորձելու է ավելացնել նաեւ օլիմպիականը:
Իր ելույթը Ռիոյում որակավորման փուլում նա սկսելու է խաղերի բացման հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ին:
Արթուր Դավթյան
23-ամյա մարզիկի (24-րդ տարեդարձը նա հենց Ռիոյում է տոնելու) համար 31-րդ ամառային խաղերը 2-րդն են լինելու: Դավթյանը հանդես է եկել 2012-ին Լոնդոնում կայացած խաղերի բազմամարտի մրցումներում, սակայն եզրափակիչ անցնել չի կարողացել:
[[gallery1]]
2016-ին էլ ուղեգիրը նվաճել է Ռիոյում կայացած թեստ-իվենթում ու հանդես է եկել Օլիմպիական արենայում, որը խաղերի ժամանակ հյուրընկալելու է մարմնամարզիկներին:
Այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոնը նախնական փուլը փորձելու է հաղթահարել օգոստոսի 6-ին:
Հուռի Գեբեշյան
Հուռին 2-րդ փորձից է մասնակցելու Oլիմպիկան խաղերին: Լոնդոնի Օլիմպիադային մարզուհին չի կարողացել մեկնել, ինչից հետո որոշակի ժամանակով նույնիսկ դադարել է մարզվել ու զբաղվել իր հիմնական մասնագիտությամբ՝ բժշկությամբ:
[[gallery2]]
Սակայն որոշել է ամեն դեպքում վերադառնալ ու կրկին փորձել ուղեգիր նվաճել: Դա նրան հաջողվել է այս տարի նույն թեստ-իվենթում, որտեղ փայլել է նաեւ Դավթյանը:
Գեբեշյանն Օլիմպիական խաղերի նախնական փուլում հանդես է գալու օգոստոսի 7-ին:
Հասմիկ Բաբայան
Նախագծի գործընկեր