Անկարան Բեռլինին կոչ է արել «չոչնչացնել» հարաբերությունները
Մեդիամաքսը հիշեցնում է, որ Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Բունդեսթագի խմբակցությունների արտաքին քաղաքական հարցերով մասնագետների մեծամասնությունն արդեն հստակ ազդանշան է տվել, որ իրենց քաղաքական ուժերն աջակցելու են բանաձեւի ընդունմանը:
Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, Թուրքիայի փոխվարչապետ եւ կառավարության մամուլի խոսնակ Նուման Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ գերմանացի խորհրդարանականները կողմ չեն քվեարկի այդ բանաձեւին եւ չեն վտանգի Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները:
Նրա բնորոշմամբ՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր թուրք-գերմանական հարաբերությունները չափազանց անկեղծ են եղել:
«Ես հավատում եմ, որ Գերմանիայի խորհրդարանը չի ոչնչացնի այս հարաբերությունները՝ մի քանի քաղաքական գործիչների պատճառով: Եթե նրանք անեն դա (ընդունեն բանաձեւը- խմբ.), ապա այն կպարունակի մի տեքստ, որը չունի ոչ մի գիտական արժեք»,- ասել է Թուրքիայի կառավարության մամուլի խոսնակը: