Բայդենը կարեւորել է հունիսին նախատեսված քննարկումները
«ԱՄՆ փոխնախագահը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մայիսի 18-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների միջնորդությամբ եւ այն փաստը, որ երկու առաջնորդները համաձայնել են օպերատիվ կերպով անդրադառնալ ԵԱՀԿ գործող առաքելությունն ընդլայնելու եւ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ներդրման հարցերին: Փոխնախագահը կոչ է արել հարգել հրադադարը եւ ընդգծել է հունիսին նախատեսված քննարկումների կարեւորությունը՝ համապարփակ կարգավորման բանակցությունների վերսկսման համար», - ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ Սարգսյան-Բայդեն հեռախոսազրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը: