Հերբերտ Զալբեր. Ես իսկապես ցանկանում եմ այցելել Լեռնային Ղարաբաղ
Հանդիպումից հետո Հերբերտ Զալբերը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ հանդիպման նպատակն էր ավելի լավ պատկերացում կազմել տարածաշրջանում կատարված վերջին իրադարձությունների մասին:
Պատասխանելով Մեդիամաքս-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչո՞ւ է նա հրաժարվում այցելել Արցախ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին՝ Հերբերտ Զալբերը մասնավորապես ասել է.
“Ես չեմ հրաժարավում այցելել Լեռնային Ղարաբաղ: Ես իսկապես ցանկանում եմ այցելել եւ կազմել իմ սեփական տպավորությունները: Ես համագործակցային անվտանգության կողմնակից եմ, եւ դրանից բխում է, որ ես շատ եմ ցանկանում նման այց կատարել, որը համաձայնեցված կլինի բոլորի հետ: Մենք փորձում ենք աշխատել այս ուղղությամբ, եւ երբ մենք համաձայնություն ձեռք բերենք, ես անպայման կանեմ նման այց”:
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն իր հերթին նշել է, որ ադրբեջանական իշխանությունների դիրքորոշման պատճառով ԵՄ-ի եւ միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ չեն կարողանում այցելել Արցախ:
“Մեր դիրքորոշումն այն է, որ սա արհեստական խոչընդոտ է: Եթե միջազգային հանրությունը շահագրգիռ է ունենալու համակողմանի եւ հավասարակշռված պատկերացում իրականության մասին, նրանք անպայման պետք է այցելեն Արցախ, որովհետեւ Արցախն է հակամարտության հիմնական կողմը”,- ասել է Կարեն Միրզոյանը:
Նախարարի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում նա տեղեկացրել է Հերբերտ Զալբերին ապրիլի սկզբին տեղի ունեցած դեպքերի՝ տարածաշրջանային անվտանգության եւ ԼՂ բանակցային գործընթացի վրա ունեցած ազդեցության մասին:
“Ես հատկապես շեշտեցի, որ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը ձեռնարկել է մի շարք ռազմական հանցագործություններ: Մեր նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը կատարվածի մասին”,- ասել է Կարեն Միրզոյանը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն դատապարտում է հակամարտության գոտում բռնության աճը եւ քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացված վայրագությունները:
“Շատ դժվար է գնահատական տալ, քանի որ կողմերը մեղադրում են միմյանց: Մենք կողջունեինք հետաքննություններ անցկացնելու հնարավորությունը, ինչը թույլ կտար պարզել մեղավորներին եւ պատժել նրանց, ովքեր իրականացնել են նման վայրագ գործողություններ”,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը ։