«Տատիկս ստիպված էր աղջկան թողել եկեղեցու աստիճանների վրա»
2015 թվականի ապրիլին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, The Guardian-ը Հայաստանի եւ Սփյուռքի իր ընթերցողներին առաջարկեց պատմել, թե ինչ ազդեցություն է թողել Ցեղասպանությունը իրենց ընտանիքների վրա:
New East Network-ի կողմից տարվող այս նախագծին արձագանքեց ավելի քան 500 մարդ՝ ուղարկելով նամակներ, լուսանկարներ եւ այլ նյութեր, որոնց մի մասը ներկայացվել էր կայքում:
Մեկ տարի անց, Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին, Մեդիամաքսը եւ The Guardian-ը որոշեցին համատեղ ներկայացնել չհրապարակված նյութերի մի մասը:
Միսաք Ուրֆալյան
Տատիկս մի աղջիկ եւ մի տղա ուներ, երբ սկսվեցին կոտորածներն ու տեղահանումները: Նրա ամուսնուն սպանել էին, եւ նա ստիպված էր եղել փախչել:
Նա չէր կարողացել երկու երեխաներին էլ իր հետ վերցնել, ստիպված իր 5 տարեկան աղջկան թողել էր տեղի եկեղեցու աստիճանների վրա եւ տղայի հետ փախել էր անապատ: Հետագայում նա հաստատվել էր Լիբանանում, որտեղ կրկին ամուսնացել էր եւ ունեցել հայրիկիս:
Տատիկս երբեք չիմացավ, թե ինչ եղավ իր աղջկա հետ: Չեմ կարող պատկերացնել, թե ինչ ցավ է ապրել իր աղջկան կորցնելով: Ինչեւէ, նա ամուր է գտնվել, երեխաներ ունեցել իր երկրորդ ամուսնությունից եւ նոր ընտանիք ստեղծել:
Այս պատմությունը ես փոխանցել եմ նաեւ իմ երեխաներին, որպեսզի նրանք իմանան, թե ինչի միջով են անցել իրենց նախնիները: