Դավութօղլուն հրաժարական է ներկայացրել
Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, այս մասին Դավութօղլուն հայտարարել է Անկարայում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական գործադիր մարմնի հանդիպումից հետո:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին երկրի վարչապետ Դավութօլուի եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ վաղուց առկա տարաձայնությունների մասին՝ չնայած այն հանգամանքին, որ հենց Էրդողանն էր 2014թ. օգոստոսին Դավութօղլուին նշանակել ԱԶԿ-ի առաջնորդ:
Սակայն Դավութօղլուն սկսել էր անհամաձայնություն հայտնել Էրդողանի քաղաքականության հետ՝ մասնավորապես կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի անցնելու հետ կապված:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, որ Էրդողանն ու Դավութօղլուն հանդիպել էին մայիսի 4-ին:
Դավութօղլուն ասել է, որ Էրդողանի հետ շարունակելու է պահել բարեկամական հարաբերությունները:
«Ես ձախողման կամ ափսոսանքի զգացողություն չունեմ»,- ասել է Դավութօղլուն՝ ընդգծելով, որ հրաժարականի որոշումն իր ընտրությունը չէր, սակայն անհրաժեշտություն էր:
Թուրքիայի նախագահն էլ, մեկնաբանելով վարչապետի հրաժարականը, ասել է, որ դա վերջինիս որոշումն է եղել:
«Ես նրան ամենալավն եմ ցանկանում: Սա վարչապետի սեփական որոշումն է»,- ասել Էրդողանը:
Ահմեդ Դավութօղլուն քաղաքական ասպարեզ է մուտք գործել համալսարանական շրաջանակներից: 1990-ականներին նա դասավանդել է Ստամբուլի «Մարմարա», ապա՝ «Բեյքենտ» համալսարաններում: 2003թ. Դավութօղլուն նշանակվել է այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Աբդուլահ Գյուլի խորհրդական՝ արտաքին քաղաքական հարցերի գծով: Այս պաշտոնը Դավութօղլուն պահպանել է նաեւ Էրդողանի՝ վարչապետ դառնալուց հետո: 2009թ. Դավութօղլուն ստանձնել է Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը` դառնալով «Զրո խնդիր հարեւանների հետ» արտաքին քաղաքական տեսության հեղինակը: