Ավդալյան-Խուրշուդյան. Մարզուհիներին ուժ տվողն իրենց երեխաներն են
Վերջերս Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը հանդիպել են լրագրողների հետ:
Մարզուհիները պատմել են Օլիմպիական խաղերից առաջ կատարվող աշխատանքների, հաղթանակը զինվորներին նվիրելու, իրենց շարժիչ ուժերի ու նպատակների մասին:
Նազիկ Ավդալյան
Վերադարձը սպորտ այդքան էլ հեշտությմաբ չտրվեց ինձ: Բայց չեմպիոնությունը նվաճելուց հետո մեծ բերկրանք ապրեցի, երկար ժամանակ աշխատել էի այդ արդյունքը ցույց տալու համար:
Անընդհատ հարցնում են ինձ, թե մեջքի վնասվածքը ինձ չէ՞ր խանգարում, սակայն պետք է ասեմ, որ 1,5 տարվա ընթացքում, երբ կրկին սկսել եմ մարզվել, ավելի շատ մարզումներ բաց եմ թողել ուսի կամ էլ ձեռքի վնասվածքների պատճառով:
Նախապես չէի պլանավորել հաղթանակը նվիրել մեր զինվորներին: Այդ օրերի ընթացքում անընդհատ մեր երկրի մասին էինք մտածում, մեր զինվորներով ապրում ու պահի ազդեցության տակ էլ նվաճումս նվիրեցի նրանց:
Ամուսինս էլ մեկնել էր Արցախ, ուղղակի ինձ հանգստացնում էր, որ առաջնագծում չէ, այդ մասին ես ելույթից հետո իմացա: Հակառակ դեպքում ավելի դժվար կլիներ հանդես գալ ԵԱ-ում: Նա իր պարտքն էր կատարել ու պետք է մյուս տղաների կողքին լիներ:
Հիմա ես էլ, Հռիփսիմեն էլ մայր ենք ու շատ երկար ժամանակ չենք տեսնում մեր երեխաներին: Նրանք են մեզ ուժ տալիս, առաջնահերթ մեր բալիկների համար ենք լավ արդյունքներ գրանցում, որ գոնե այդպես փոխհատուցենք մեր հաճախակի բացակայությունները:
Հռիփսիմե Խուրշուդյան
Եվրոպայի առաջնության պես մրցաշարերում այդքան էլ հեշտ չէ լավագույնը ճանաչվել: Քրտնաջան մարզումներ ու հսկայական աշխատանք է դրա համար պահանջվել:
ԵԱ-ում կանանց թիմում ես վերջին մասնակիցն էի ու երբ հաղթանակ գրանցեցի իմ հաշվին, որոշեցի միանալ ընկերներիս ու այն նվիրել մեր բանակին: Այդկերպ ցանկացա մի քիչ ուրախացնել մեր ժողովրդին:
Ամիսներ անց Օլիմպիական խաղերն են, մենք արդեն մտածում ենք այնտեղ լավ հանդես գալու մասին: Միանշանակ պետք է բարձրացրած կիլոգրամներն ավելացնել, ինչպես նաեւ անձնական քաշս կփորձեմ ծանրացնել, հիմա ընդամենը 87 կգ եմ: Կյանքի գնով էլ լինի՝ փորձելու եմ կրկին Օլիմպիադայում մեր երկրի դրոշը բարձրացնել:
Համամիտ եմ Նազիկի հետ ու կնշեմ, որ հիմա, երբ երեխաներ ունենք, շատ ավելի դժվար է տնից բացակայել, բայց ամեն ինչ մեր փոքրիկների համար ենք անում: Այնքան ուրախ եմ, որ որդիս կրկնօրինակում է ինձ, ինքն էլ է փորձում ծանրաձող բարձրացնել: