«Ֆուտզալ Բիզնես Լիգա». 1/4 եզրափակիչներն այսօր են
Ապրիլի 15-ին ավարտվեց «Ֆուտզալ Բիզնես Լիգա» ֆուտզալի սիրողական մրցաշարի խմբային փուլը։ Այդ օրը Հայաստանի լրագրողների հավաքականը /ՀԼՀ/ նվաճեց մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր` խմբային փուլի վերջին խաղում 8:4 հաշվով հաղթելով «Կոկա- Կոլային» եւ A խմբում գրավելով երկրորդ տեղը:
Այսօր «Դինամո» մարզադահլիճում կայանալիք քառորդ եզրափակիչում լրագրողները կխաղան ԱԿԲԱ Բանկի թիմի հետ:
«Ֆուտզալ Բիզնես լիգա» քառորդ եզրափակչի բոլոր խաղերի ժամանակացույցը.
Կիրակի, ապրիլի 17, “Դինամո” մարզադահլիճ
«ՎՏԲ Հայաստան Բանկ» - «Գուդվին»՝ ժամը 18:00-ին
«Լրագրողներ» - ԱԿԲԱ՝ 19:00
«Գրանդ Քենդի» - «Արանեա»՝ 20:00
«Արիստոն» - «Պարմա»՝ 21:00
Ձեզ ենք ներկայացնում մրցաշարի խմբային փուլի ամփոփումը։
A խումբ
Այս խմբում ընդգրկված էին՝ «Արիստոն», «ԿոկաԿոլա»,«Վեգա», «Հայաստանի լրագրողների հավաքական» եւ «Ազգային ժողով» թիմերը։ Բավականին բարդ խումբ էր, քանի որ բոլոր թիմերն էլ ունեին մարտունակ կազմեր եւ իրենց առջեւ դրել էին առավելագույն խնդիրներ։ A խմբի լավագույն թիմն էր «Արիստոնը», որը բոլոր 4 խաղերում կարողացավ հաղթանակ տանել եւ զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Առաջին տուրում նրանք մրցաշարի բացման խաղում 5։1 հաշվով հաղթեցին «Կոկա-Կոլային», այնուհետեւ դժվարին պայքարում՝ 3։2 հաղթեցին «Վեգային» եւ վերջում՝ 6։3 հաշվով վստահ հաղթանակ տարան «ՀԼՀ»-ի նկատմամբ ։ Երկրորդ ուղեգրի համար պայքարում էին մյուս 4 թիմերը, եւ լավագույնը «ՀԼՀ»-ն էր, որը դժվարին պայքարում 8։7 հաշվով հաղթեց «Վեգային», իսկ այնուհետեւ 8։4` «Կոկա-Կոլային»։ Համապատասխանաբար, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցրին «Վեգա» , «Կոկա-Կոլա» եւ «Ազգային ժողով» թիմերը։
B խումբ
Այստեղ ընդգրկված էին «ԱԿԲԱ», «Պարմա», «Բեթ Կոնստրակտ» եւ «Էլնոր» թիմերը։ Նշենք, որ այս խումբը համարվում էր «մահվան», քանի որ «ԱԿԲԱ», «Պարմա» եւ «ԲեթԿոնստրակտ» թիմերը համարվում էին մրցաշարի հաղթողի հավակնորդներ։ Բայց նրանցից մեկը դուրս մնաց հետագա պայքարից։ Խմբի առաջին տուրում «ԱԿԲԱ»-ն առավելության հասավ «Էլնոր»-ի նկատմամբ 11։2 հաշվով, իսկ «Պարմա»-ի եւ «ԲեթԿոնստրակտ»-ի միջեւ հանդիպումը ավարտվեց մարտական ոչ- ոքի՝ 1։1 հաշվով։ Երկրորդ տուրում «Պարման» երկրորդ անընդմեջ ոչ-ոքի խաղաց այս անգամ «ԱԿԲԱ»-ի հետ՝ 5։5 հաշվով։ Ընդ որում, «Պարման» հաղթանակը ձեռքից բաց թողեց հանդիպման վերջին րոպեին, երբ մրցակիցը հարձակվում էր 5 խաղացողներով։ Տուրի մյուս խաղում «Բեթ Կոնստրակտը» հաղթեց խմբի ետնապահ «էլնորին» 8։3 հաշվով։ Երրորդ տուրում արդեն իսկ որոշվեց այս խմբի ճակատագիրը։ «Պարման» միայն խաղավերջում կարողացավ առավելության հասնել «Էլնորի» նկատմամբ ։ Հանդիպումը ավարտվեց 8։3 հօգուտ «Պարմայի», իսկ «ԱԿԲԱ»-ն ավելի ուժեղ գտնվեց «Բեթ Կոնստրակտի» դեմ խաղում։ Մրցակցի 4 գնդակներին «ԲեթԿոնստրակտի» տղաները կարողացան պատասխանել ընդամենը մեկով` 4։1 հօգուտ «ԱԿԲԱ»-ի։
C խումբ
Այս խմբում ընդգրկված էին «Արանեա», «Ամերիկյան համալսարան», «ՎՏԲ-Հայաստան բանկն» ու «Յուքոմ» թիմերը։ Առաջին տուրում «Արանեան» խոշոր՝ 11։4 հաղթեց «Ամերիկյան համալսարանին», իսկ «ՎՏԲ-Հայաստան բանկը»՝ 10։5 հաշվով «Յուքոմին»։ Երկրորդ տուրում «Ամերիկյան համալսարանը» ոչ-ոքի՝ 6։6 խաղաց «ՎՏԲ-Հայաստան բանկի» հետ։ Այս հանդիպումը աչքի ընկավ անչափ կոշտ խաղով։ Զգացնել տվեց հաղթանակի հասնելու երկու թիմերի մեծ ցանկությունը, ուստի արդյունքը միանշանակ արդարացի էր։ Տուրի մյուս խաղում «Արանեան» 6։3 հաշվով հաղթեց «Յուքոմին» եւ ապահովեց իր տեղը հաջորդ փուլում։ Վերջին տուրում «ՎՏԲ-Հայաստան բանկը» խոշոր՝ 10։2 հաշվով հաղթեց վաղաժամ փլեյ-օֆ փուլ դուրս եկած «Արանեային», իսկ «Յուքոմը»՝ 7։6 հաշվով հաղթեց «Ամերիկյան համալսարանի» թիմին։
Այսպիսով, C խմբում վաստակած 7 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրեց եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց «ՎՏԲ-Հայաստան բանկ» թիմը, իսկ հաջորդ փուլի երկրորդ ուղեգիրը նվաճեց «Արանեան»։ «Յուքոմը» վաստակած 3 միավորով զբաղեցրեց երրորդ, իսկ «Ամերիկյան համալսարանը»՝ չորրորդ հորիզոնականը։
D խումբ
Վերջին D խմբում ընդգրկված էին՝ «Գրանդ Քենդի», «Գուդվին», «Պրոֆվենտ» եւ «Քարֆուր» թիմերը։ Խումբն ուներ ընդգծված առաջատար՝ «Գրանդ Քենդին», որը բոլոր մրցակիցներին հաղթեց խոշոր հաշվով եւ ապահովեց իր տեղը հաջորդ փուլում։ Նրանք նախ 18։2 հաշվով հաղթեցին «Քարֆուրին», այնուհետեւ` 16։3 «Գուդվինին» եւ վերջում՝ 14։2 «Պրոֆվենտին»։ Խմբի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Գուդվին» թիմը, որը կարողացավ խմբի երեք խաղերից երկուսում հաղթանակի հասնել՝ պարտվելով միայն առաջատար «Գրանդ Քենդի» թիմին։ Նախ դժվարին պայքարում՝ 6։5 հաշվով հաղթեցին «Պրոֆվենտին», այնուհետեւ` 9։3 հաշվով «Քարֆուրին»։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Պրոֆվենտը», որին հաջողվեց հաղթել «Քարֆուրին» 8։6 հաշվով։
Բ լիգայի խմբային փուլի ավարտից հետո ռմբարկուների ցուցակը գլխավորում է Սերգեյ Ղազարյանը (Գրանդ Քենդի):
Բոլոր երկրպագուներին սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու այսօրվա անչափ հետաքրքիր ու դիտարժան հանդիպումներին: Մուտքն ազատ է։