#Share4Aurora կամ ոչ սովորական «սելֆիներ»
Ֆեյսբուքում եւ այլ սոցիալական ցանցերում հավաքելով #Share4Aurora հեշթեգը, կարող եք տեսաուղերձներ տեսնել, որոնցում հայտնի մարդիկ ներկայացնում են փրկության պատմություններ:
#Share4Aurora նախագիծը գործարկվել է ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխությանն ընդառաջ:
Մեդիամաքսը զրուցել է 100LIVES/«Ավրորա» նախաձեռնության ստեղծագործական խմբի ղեկավար Անի Մնացականյանի հետ, որը ներկայացրել է որոշ մանրամասներ:
«#Share4Aurora նախագծի նպատակն է հանրությանն այլընտրանքային ֆորմատով ծանոթացնել մերօրյա հերոսներին, ովքեր մարդկային կյանքեր են փրկում աշխարհի տարբեր կողմերում: Նախագծի շրջանակում աշխարհասփյուռ հայտնի հայերը մեկ րոպե տեւողությամբ selfie տեսահաղորդագրություն են ձայնագրում՝ առանց անուններ նշելու պատմելով, թե ովքեր եւ ինչ պայմաններում են անձնվիրաբար մարդկային կյանքեր փրկում մեր օրերում», - ասել է Անի Մնացականյանը:
Նա նշել է, որ նախագծին միացել են Ռալֆ Յիրիկյանը, Սերժ Թանգյանը, Նարինե Աբգարյանը, Լուսինե Խաչատրյանը, Արթուր Աբրահամը, որոնց տեսահաղորդագրություններն արդեն հասանելի են համացանցում:
Այլ հայտնի մարդկանց տեսահաղորդագրությունները պատրաստման փուլում են եւ կհրապարակվեն առաջիկա օրերին:
«Մասնակիցներից շատերը Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են եւ իրենց պատմությունները կիսել են 100 LIVES նախաձեռնության հետ: Միանալով այս շարժմանը՝ նրանք միանում են նաեւ իրենց անունից տրվող «Ավրորա» մրցանակին՝ ի երախտագիտություն հարյուր տարի առաջ իրենց նախնիներին փրկողներին», - պատմել է Անի Մնացականյանը: