ԱՐԱՐԱՏ կոնյակները մրցանակներ են ստացել Սան Ֆրանցիսկոյում
Սան Ֆրանցիսկոյում կայացած XVI միջազգային գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների մրցույթում Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնացման Ախթամար կոնյակը արժանացել է ոսկե, իսկ ԱՐԱՐԱՏ 5 աստղ կոնյակը արծաթե մեդալի:
Ամենամյա Սան Ֆրանցիսկոյի միջազգային մրցույթը հիմնադրվել է 2000 թվականին եւ դասվում է աշխարհի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ մրցույթների շարքին:
Այս տարի մրցույթին մասնակցել են ավելի քան 1850 խմիչքներ ամբողջ աշխարհից:
ԱՐԱՐԱՏ-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը Սան Ֆրանցիսկոյի միջազգային մրցույթի ողջ պատմության ընթացքում:
Բազմաթիվ ոսկե մեդալների արժանացած ԱՐԱՐԱՏ տեսականու Ախթամար կոնյակը (10 տարի հնացման) արտադրվում է Երեւանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից:
Ախթամար կոնյակն արտահանվում է աշխարհի 30 երկրներ եւ մարմնավորում է Երեւանի կոնյակի գործարանի մշակութա-հումանիտար գործունեության ուղղություններից մեկը՝ «ԱՐԱՐԱՏ. Արվեստների Հավաքածու» նախագիծը:
Այն սկիզբ է առել 2012 թվականին եւ յուրաքանչյուր տարի ներկայացնում է Ախթամար կոնյակի սահմանափակ խմբաքանակ յուրովի փաթեթավորմամբ արվեստի եւ հայկական կոնյակի իրական սիրահարների համար: Տարբեր տարիներին «Արվեստների Հավաքածու» են կազմել սահմանափակ թողարկումներ, նվիրված թատրոնին, Սերգեյ Փարաջանովին եւ Հայաստանի մշակութային ժառանգությանը: Նման փաթեթավորումների վրա աշխատել են այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Պավել Կապլեւիչն ու Գարեն Բեդրոսյանը: