Հայաստանը «հավատով է մտնում հասունության փուլ», ասել է նախագահը
Այս մասին նախագահը հայտարարել է նախօրեին Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում ունեցած ելույթի ընթացքում:
«Ի՞նչ ենք մենք ուզում անել եւ ի՞նչ ենք անում իրականության մեջ: Միանգամից պատասխանեմ. մենք ցանկանում ենք ունենալ ավելի արդյունավետ կառավարում:
Մեր երկրի չափերն ու բնական ռեսուրսները համեստ են, իսկ մեր առջեւ ծառացած մարտահրավերները` հսկայական: Մենք ստիպված ենք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել: Ահա այստեղ է, որ բացառիկ կարեւոր է դառնում կառավարման արդյունավետությունը: Սահմանադրական բարեփոխումների ռազմավարական նպատակը հենց դա է: Ավելի շատ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ ավելի նպատակասլաց պայքար: Այստեղ մենք ունենք լուրջ ներուժ եւ այն պետք է լիարժեքորեն իրացնենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ ներքին կյանքի առումով իր համար ամենամեծ ձեռքբերումը «խոսքի ազատության նկատմամբ հարգանքն է եւ ակտիվ քաղաքացիական հասարակությունը»:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները բոլոր խնդիրների լուծումը առաջին հերթին տեսնում են երկրի ներսում:
«Մենք առաջին հերթին ապավինում ենք մեր ուժերին եւ հնարավորություններին: Շատ լավ գիտենք, որ ոչ ոք մեր երկիրը ավելի լավը չի դարձնելու, բացի մեզնից:
Ավելի բարեկեցիկ եւ ավելի ազատ երկիր ունենալու մեր երազանքը իրականացնելու պարտականությունը մերն է:
…Մենք դեռեւս անցնելու ճանապարհ ունենք կայուն ժողովրդավարության հասնելու համար: Սակայն այս 25 տարվա ձեռքբերումներով մենք ամփոփում եւ փակում ենք մեր պատմության, այսպես ասած, «նորանկախ պետության» էջը եւ հավատով ենք մտնում «հասունության» փուլ»,- ամփոփել է ելույթը ՀՀ նախագահը: