Թամանյանի թանգարանն ու Ճարտարապետության ինստիտուտը միացվել են
Նոր որոշման համաձայն՝ կառույցը կկոչվի «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասել է, որ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» եւ «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ներն իրենց կանոնադրություններին համապատասխան հետապնդում են միեւնույն նպատակը: Նախարարի խոսքով՝ համընկնում են նաեւ կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները:
«Աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ուժերի համակենտրոնացման եւ հիմնական խնդիրների արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է վերակազմակերպել կազմակերպությունները՝ միացման ձեւով»,- նշել է Նարեկ Սարգսյանը: