Անդրիասյան-Գեւորգյան. 2016-ի Հայաստանի առաջին չեմպիոնները
Օրեր առաջ ավարտված Հայաստանի տղամարդկանց ու կանանց շախմատի առաջնություններում հաղթողների կոչումը նվաճել են Զավեն Անդրիասյանն ու Մարիա Գեւորգյանը:
Mediamax Sport-ը խոսել է նորաթուխ չեմպիոնների հետ ու փորձել պարզել հաղթելու նրանց գաղտնիքն ու առաջիկա ծրագրերը:
-Ինչպիսի՞ պայքար ծավալվեց այս տարի Հայաստանի առաջնությունում եւ հե՞շտ էր հաղթողի կոչումը նվաճել:
Մարիա. Իմ կարծիքով ոչ մի առաջնություն էլ հեշտ չի լինում, այս անգամն էլ բացառություն չէր: Առաջին պարտիան շատ կարեւորն էր, քանի որ խաղում էի ամենաբարձր վարկանիշ ունեցող մրցակցի՝ Արմինե Բաբայանի հետ: Կարողացա հաղթել, դրանից հետո ամեն ինչ սկսեց իր հունով գնալ: Վերջին երկու պարտիաներում լարված էի, որովհետեւ ինձ ընդամենը 0,5 միավոր էր պակասում հաղթող դառնալու համար: Ոչ-ոքիներ խաղալով կարողացա ապահովել չեմպիոնությունս:
Զավեն. Հայաստանի առաջնությունը միշտ էլ շատ լարված պայքարում է անցնում, ու այս մեկն էլ բացառություն չէր: Շատ ուժեղ կազմ էր հավաքվել. 12 շախմատիստ էր մասնակցում, որոնցից 9-ը գրոսմայստեր: Առաջնության հենց սկզբնամասից ես առաջատարի դերում էի, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանն ընդամենը 0,5 միավորով էին հետ մնում ու մինչեւ վերջին տուրը հետապնդում էին ինձ:
-Ե՞րբ զգացիք, որ արդեն ապահովել եք ոսկե մեդալը:
Մարիա. Մինչեւ նախավերջին տուրն էլ կասկածներ ունեի. ամեն դեպքում շախմատ է, մրցակիցներս ուժեղ էին ու կարող էին առաջ անցնել: Բայց նախավերջին տուրում, երբ միավորներս կիսեցի Աննա Հայրապետյանի հետ, հանգստացա:
[[gallery1]]
Զավեն. Միայն վերջին տուրն ավարտելուց հետո զգացի, որ հաղթել եմ: 11-րդ տուրում ոչ-ոքիի համաձայնվեցի, քանի որ արդեն առաջ էի մրցակիցներից, հակառակ դեպքում՝ այլ մարտավարությամբ կխաղայի:
-Ովքե՞ր էին ձեր հիմնական մրցակիցներն ու ինչպե՞ս հաջողվեց շրջանցել նրանց:
Մարիա. Բոլորն էլ լավ են խաղում, եթե արդեն Բարձրագույն խմբում են, ուրեմն ուժեղ են: Արմինեի հետ պարտիան էր կարեւոր, Սիրանուշ Ղուկասյանի, Աննայի ու Սուսաննա Գաբոյանի, որովհետեւ նրանք վարկանիշով բարձր են:
Զավեն. Հովհաննիսյանն ու Փաշիկյանն էին: Երկուսի դեմ պարտիաներում էլ սեւ խաղաքարերով էի հանդես գալիս, իսկ դա ավելի դժվար է: Եվ չնայած բարդ դրություններ ունեի, կարողացա փրկել հանդիպումներն ու 0,5-ական միավոր վաստակել: Երեւի այդ 2 պարտիաների արդյունքների շնորհիվ էլ կարողացա առաջին տեղը գրավել: Ինչպես նաեւ շատ կարեւոր էր 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ տարած հաղթանակը:
- Դուք նախկինում արդեն հանդես եք եկել երկրի առաջնությունում ու մրցանակային տեղեր գրավել: Ի՞նչը չէր բավականացնում լավագույնը դառնալու համար:
Մարիա. 2014-ին հավասար միավորներ հավաքեցի ու լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ տեղը գրավեցի: Անցած տարի վատ սկսեցի: Պապիկս էր մահացել, ու չէի կարողանում տրամադրվել մրցաշարին: Վերջում 6 պարտիաներում հաղթեցի, սակայն դա քիչ էր չեմպիոն դառնալու համար ու կրկին երկրորդ տեղը գրավեցի: Այս տարի փորձել էի այնպես անել, որ լավագույն վիճակում լինեմ եւ ֆիզիկապես, եւ շախմատային առումով, եւ հոգեպես:
Զավեն. Արդեն 10-րդ անգամն էի մասնակցում Հայաստանի առաջնությանը: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչն էր խանգարում նախկինում, բայց միշտ մոտ էի լինում առաջատարին: Ուղղակի չէր ստացվում հաղթողի կոչումը նվաճել:
- Հայաստանի շախմատի առաջնությունն ուժեղագույններից է համարվում, ի՞նչ է ձեզ համար նշանակում այստեղ գրանցած հաջողությունը:
Մարիա. Ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում: Պետք է շատ ավելի լավ աշխատեմ, որովհետեւ հավաքականի կազմում խաղալը մեծ պատասխանատվություն է: Հուսով եմ, որ լավ կխաղամ:
[[gallery2]]
Զավեն. Շատ ուրախ եմ, քանի որ առաջին անգամ դարձա Հայաստանի չեմպիոն ու կհամալրեմ հավաքականը: Զգացողություններս, բնականաբար, շատ դրական են: Վերջապես այսքան տարի անց կարողացել եմ նվաճել այն կոչումը, որի համար պայքարել եմ:
- Ընդգրկվելու եք Հայաստանի հավաքականների կազմերում: Ո՞րն է լինելու ձեր առաջնային նպատակը:
Մարիա. Օլիմպիադան այս տարի կայանալու է Բաքվում: Դեռ հայտնի չէ մեկնելո՞ւ ենք, թե՝ ոչ: Մենք ադրբեջանցի շախմատիստների հետ վատ հարաբերությունների մեջ չենք, ու կարծում եմ, որ կարող ենք մեկնել այնտեղ:
Զավեն. Այս տարի թիմային մրցումներից միայն Համաշխարհային Օլիմպիադա կա: Դեռ մասնակցության հարցը պարզ չէ, ու այդ առումով որեւէ բան չեմ կարող ասել: Բայց եթե որոշենք մասնակցել՝ ամեն ինչ կանեմ լավ խաղ ցուցադրելու համար:
-Մարիա, դու սովորաբար պարտիաներին ուշացած ես ներկայանում: Դա սովորությո՞ւն է, թե՞ բնավորության գիծ:
- 1-2 րոպե ուշանում եմ: Այդպես ավելի հանգիստ ու կենտրոնացած եմ, մտքերս ավելի լավ եմ հավաքում ու ինքս ինձ հետ լինում:
-Զավեն, ասում են, որ շախմատիստները լավ լսողություն ունեն: Զգացվում է, որ դու էլ շատ ուշադիր ես ու արձագանքում ես դահլիճի աղմուկին: Արդյոք չի՞ խանգարում դա քեզ:
[[gallery3]]
- Աղմուկը ոչ միայն ինձ, այլ նաեւ մյուս մասնակիցներին է խանգարում: Բայց առանց հանդիսատես խաղալը հետաքրքիր չէ: Ուրախ ենք, որ մեր հանդիպումների ժամանակ դահլիճը մարդաշատ է լինում: Թեեւ հիմա ավելի շատ նախընտրում են համացանցով նայել պարտիաները, բայց դահլիճում զգացողությունները բոլորովին այլ են:
-Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք մասնակցելու եւ ի՞նչ խնդիրներ եք դրել ձեր առջեւ:
Մարիա. Մայիսին Ռումինիայում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանն եմ մասնակցելու: Հույս ունեմ, որ կզբաղեցնեմ մինչեւ 14-րդ տեղն ու Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք կվաստակեմ: Աշխատում եմ նաեւ լավացնել դիրքերս վարկանշային աղյուսակում ու լրացնել գրոսմայստերի նորմա:
Զավեն. Մայիսին տղամարդկանց Եվրոպայի առաջնությանն եմ մասնակցելու, իսկ մինչ այդ դեռ չեմ մտածել, թե որ մրցաշարերում հանդես կգամ: Մի քանի առաջարկներ կան, մնում է կողմնորոշվել:
Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան