ԵԽԽՎ-ն չընդունեց Ուոլթերի զեկույցի բանաձեւը
Բանաձեւի ընդունման օգտին կողմ էր քվեարկել էր 66, դեմ՝ 70 պատգամավոր:
Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» զեկույցում կոչ էր արվում Հայաստանին եւ Ադրբեջանին հանձնառու մնալ Եվրոպայի խորհրդի անդամակցությամբ ստանձնած պարտավորություններին եւ հակամարտության կարգավորման համար օգտագործել բացառապես խաղաղ միջոցներ:
Զեկույցում հեղինակը նշում է, որ վերջին 20 տարիների ընթացքում կարգավորման տեսանկյունից առաջընթաց չի գրանցվել եւ կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վերանայել կարգավորման հետ կապված մոտեցումները:
Զեկույցը պատրաստելիս դրա հեղինակը բազմիցս այցելել է Ադրբեջան, սակայն չի այցելել Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան՝ չնայած ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների առաջարկություններին:
Հայաստանն ու Արցախը բազմիցս քննադատել են Ուոլթերի զեկույցը՝ ընդգծելով, որ այն մշակվել է ԵԽԽՎ նորմերի եւ սկզբունքների խախտմամբ, կազմվել է միայն մեկ՝ ադրբեջանական կողմի տեսակետների հիման վրա՝ հաշվի չառնելով հայկական կողմերի առաջարկությունները եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային միջնորդ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշումը:
Հայաստանը, Արցախը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս կոչ են արել ԵԽԽՎ պատգամավորներին չձեռնարկել քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել միջնորդների մանդատին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա բանակցություններին: