ԵԽԽՎ-ն ընդունեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւը
Բոսնիան եւ Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» խորագրով զեկույցի բանաձեւի օգտին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 71 պատգամավոր:
Զեկույցը պատրաստելիս Միլիցա Մարկովիչը երկու անգամ այցելել էր Ադրբեջան, սակայն չէր այցելել Լեռնային Ղարաբաղ՝ չնայած ԼՂՀ իշխանությունների գրավոր առաջարկությանը: Արդյունքում ներկայացվել էր զեկույց մի ջրամբարի մասին, որը զեկուցողը նույնիսկ չէր տեսել:
Զեկույցը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանին ներկայացնելիս Միլիցա Մարկովիչը նշել է, թե իր հեղինակած զեկույցը հետապնդում է «բացառապես հումանիտար նպատակներ»:
Նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նշել է, որ զեկույցը չի կարող օբյեկտիվ համարվել եւ ընդունվել, քանի որ հեղինակը չի այցելել Սարսանգի ջրամբար: Արմեն Ռուստամյանն առաջարկել է զեկույցը լրամշակման համար հետ ուղարկել ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողով, սակայն ԵԽԽՎ անդամները դեմ են քվեարկել այս առաջարկությանը:
Այսօր՝ ավելի վաղ, ԵԽԽՎ-ն չէր ընդունել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» զեկույցի բանաձեւը: