2015-ը դիրքերի ամրապնդման տարի էր, ասել է նախարարը
Այս մասին նախարարն ասել է տարեկան ամփոփիչ ասուլիս ժամանակ, որին ներկա են եղել անցած տարվա ընթացքում իրենց աշխատանքով աչքի ընկած հրամանատարներն ու լավագույն զինվորները:
«Անցած տարի մեր աշխատանքն իրականացրել ենք չափազանց լարված իրավիճակում` դիվերսիոն գործողություններ, առավելագույն տրամաչափի հասցված կրակոցներով` ընդհուպ միչեւ հրանոթներ եւ նույնիսկ տանկեր: Այս իրականության մեջ կարողացել ենք զինված դիմակայության շրջանակում զսպել հակառակորդին ոչ միայն պաշտպանական մարտերի ժամանակ, այլեւ, անհրաժեշտության դեպքում, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով հակառակորդի առաջխաղացման մասին լուրերին` նախարարն ասել է, որ «մեր պաշտպանության ուրվագծում փոփոխություններ եւ դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել»:
Նա նշել է, որ անցած տարի լուրջ աշխատանք է տարվել դաշնակից եւ գործընկեր կառույցների հետ համագործակցության ուղղությամբ, այդ թվում` ՀԱՊԿ-ի, եվրոպական մի շարք երկրների հետ:
«Տարին ՀՀ ԶՈՒ-ի համար առանձնահատուկ է եղել ռազմավարական բնույթի միջոցառումների անցկացմամբ, ավարտել ենք պաշտպանական ռազմավարական վերանայումը (Strategic Defense Review-SDR): Կազմել ենք 2016-2020 թթ. երկրորդ զարգացաման պլանը»,-ասել է նախարարը:
Սեյրան Օհանյանը նշել է, որ 2015թ. «չորս ուղղությամբ հասել ենք արդյունքի՝ մարդկային ռեսուրսների կառավարում, սոցիալական ոլորտ, գնումների գործընթաց եւ զորակոչի անցկացում»:
ՊՆ ղեկավարն ընդգծել է, որ 2016-ը ՀՀ զինված ուժերում հայտարարված է հրամանատարական պատրաստության տարի: