Ռոստոմյան. Կարծում եմ, որ պետք է հրաժարվենք Ռիոյի սպիտակ քարտերից
«Մենք աշխատելու ենք երկու ուղղությամբ. նրանց հետ, ովքեր արդեն նվաճել են ուղեգրեր ու ովքեր պետք է նվաճեն: Վերջնական պլանը կազմել ենք ծանրամարտի ֆեդերացիայի հետ, քանի որ միայն այս մարզաձեւում է հայտնի Ռիո մեկնող մարզիկների վերջնական քանակը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Հայաստանն արդեն Օլիմպիադա-2016-ի 11 ուղեգիր ունի, կոմիտեում ակնկալում են եւս 13-16-ը:
«Իմ կարծիքով ամառային խաղերի ժամանակ պետք է հրաժարվենք սպիտակ քարտերից: Եթե մարզիկը չի կարողանում վարկանիշ ձեռք բերել, ապա Օլիմպիական խաղեր մեկնելը զուտ միայն մասնակցություն է ապահովում: Բայց սա քննարկման ենթակա հարց է, ու սպիտակ քարտերով Ռիո մեկնելը պետք է որոշվի գործկոմի նիստում»,- նշել է նա: