Սպորտի մասին ֆիլմեր, որոնք արժե դիտել Տոներին
2015 թվականին տեղի ունեցան մի շարք ֆիլմերի պրեմիերաներ, որոնք պատմում են հայտնի մարզիկների մասին:
Mediamax Sport-ն ընտրել է հինգ ֆիլմ, որոնք անպայման արժե դիտել: Անկախ նրանից դուք սիրում եք տվյալ մարզիկին կամ մարզաձեւը, Ամանորի տոներին գտեք ազատ ժամանակ ու ծանոթացեք այդ մարդկանց հետ:
Ձեզ հետաքրքիր կինոդիտում ենք ցանկանում:
«Զոհաբերելով զինվորը» (Pawn Sacrifice)
[[gallery2]]
2015-ի նոյեմբերին կայացավ «Զոհաբերելով զինվորը» ֆիլմի պրեմիերան: Էդվարդ Ցվիկի ֆիլմին սպասում էին շատերը: Այն հավաքել է դերասանական հայտնի կազմ, իսկ թրեյլերից պարզ է դառնում, որ լավ ժամանցն ապահովված է լինելու:
Ֆիլմը պատմում է շախմատի Աշխարհի չեմպիոն Բոբի Ֆիշերի մասին, իսկ առանցքում ընկած է նրա հանդիպումը Բորիս Սպասկու հետ:
Սառը պատերազմի տարիներին Ռեյկավիկում է կայանում Աշխարհի չեմպիոն, ԽՍՀՄ ներկայացուցիչ Սպասկու ու գահի հավակնորդ ԱՄՆ-ի շախմատիստ Ֆիշերի դիմակայությունը:
Երկուսն էլ սխալվելու իրավունք չունեն, քանի որ պայքարը կրում է ոչ միայն սպորտային, այլ նաեւ քաղաքական բնույթ: Նրանց շուրջ սկսվում է համաշխարհային իրարանցում:
Ֆիշերի դերում հանդես է եկել Թոբի Մագուայերը, իսկ Սպասկու՝ Լիվ Շրայբերը: Հրաշալի դերասանական խաղի ու ռեժիսորական լավ աշխատանքի շնորհիվ ֆիլմը դիտվում է մեկ շնչով ու փոխանցում անբացատրելի զգացողություն:
«Ռոնալդու» (Ronaldo)
[[gallery1]]
«Ռոնալդու». սա պարզապես աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի կամ էլ 2014 թվականի Ոսկե գնդակի դափնեկրի անունը չէ, այլ նրա մասին պատմող ֆիլմի վերնագիրը:
Հենց այդպես է CR7-ը որոշել ներկայանալ ամբողջ աշխարհին ու ցույց տալ իրական Ռոնալդուին, ինչպիսին երկրպագուները սովոր չեն տեսնել խաղադաշտից դուրս:
Ֆիլմում Ռոնալդուն պատմում է իր անցած ուղու, հաղթահարած դժվարությունների, Մեսսիի հետ մրցակցության ու միշտ լավագույնին ձգտելու ցանկության մասին: Իսկ ընկերների ու հարազատների խոստովանություններն էլ ավելի են օգնում հասկանալ ֆուտբոլիստին ու էմոցիոնալ դարձնել ֆիլմը:
«Ծրագիրը» (The Program)
[[gallery3]]
Աշխարհահռչակ հեծանվորդ Լենս Ամսթրոնգի բազմաթիվ տիտղոսները կմնային նրա մոտ, եթե չլինեին իռլանդացի սպորտային լրագրող Դեյվիդ Ուոլշի բացահայտումները:
Տուր դե Ֆրանսի հաղթող Ամսթրոնգն էլ անձամբ խոստովանեց, որ իր մեդալները ոչ այլ ինչ են, եթե ոչ դոպինգի արդյունքներ:
Դոպինգ-սկանդալում հայտնված Ամսթրոնգի մասին «Ծրագիրը» ֆիլմը եւս այս տարի է ներկայացվել հանրությանը: Ռեժիսորը Ստեֆան Ֆրիրսն է, հեծանվորդի դերակատարը՝ Բեն Ֆոսթերը, իսկ լրագրողինը՝ Քրիս Օ’Դաուդը:
«Մեսսի» (Messi)
[[gallery4]]
Այս ֆիլմն անպայման պետք է դիտել, անկախ նրանից, դուք սիրում եք Լիոնել Մեսսիին, թե ոչ: Գեղեցիկ կադրերով, շատերիս անհայտ պատմություններով ու անչափ հետաքրքիր լուծումներով ֆիլմից սովորելու շատ բան կա:
«Մեսսի» ֆիլմի պրեմիերան կայացել է 2015-ի հունվարի 1-ին: 93 րոպե տեւողության մեջ ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիան ցույց է տալիս այն փոքրիկ տղայի պատմությունը, որն արգենտինական Ռոսարիո քաղաքից դուրս եկավ ու նվաճեց ողջ աշխարհը:
Ֆիլմի հեղինակը Խորխե Վալդանոն է: Մեսսիի մասին պատմում են մանկության ընկերները, ուսուցիչները, «Բարսելոնայի» նրա խաղընկերները, լեգենդար Յոհան Կրոյֆը, Սեսար Լուիս Մենոտտին ու այլ մասնագետներ:
«ՄաքՖարլենդ, ԱՄՆ» (McFarland, USA)
[[gallery5]]
Հոլիվուդյան աստղ Քեվին Քոսթները «ՄաքՖարլենդ, ԱՄՆ» ֆիլմում մարմնավորել է մարզիչ Ջիմ Ուայթին:
Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա: 1987 թվականին ամերիկյան ՄաքՖարլենդ քաղաքում, որտեղի բնակիչները հիմնականում լատինաամերիկացիներ են, Ուայթը որոշում է աթլետիկայի թիմ ստեղծել:
Թիմում տեղ են գտնում սովարական տղաներ, որոնք հիմանականում աչքի են ընկնում խուլիգանական արարքներով: