Հերքվել է ընտրացուցակում Ավետիսյանների անունների առկայությունը
Ոստիկանության կողմից այսօր տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է.
«Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի համարում զետեղված տեղեկության համաձայն՝ Գյումրիից խմբագրություն է զանգահարել թերթի մի ընթերցող եւ տեղեկացրել, որ գյումրեցիները խիստ վրդովված են: Դեկտեմբերի 6-ին քվեարկության գնալիս նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլեւ դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն նրանք էլ են քվեարկել: Նկատի ունենալով, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների հիմքը բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման տվյալներն են, Ավետիսյանների չափահաս անդամների տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակներում»:
Ոստիկանությունում նշել են, որ վերջին ամիսներին պարբերաբար հրապարակվել են ընտրացուցակների (ներբեռնման հնարավորությամբ) կայքերի հասցեները, որոնք հայտնի են նաեւ նախորդ ընտրություններից, եւ քաղաքացիներին կարող են ստուգել ցուցակների ճշտությունը, ահազանգել թերությունների մասին եւ օգնել դրանց վերացմանը:
«Մենք նման դեպքերը միշտ բարեսրտորեն վերագրել ենք տգիտությանը կամ անպարտաճանաչությանը, բայց սա հենց սրբապղծություն է, որովհետեւ անմեղ արյան ու համաժողովրդական ցավի շահարկումն է ապատեղեկատվության հիմքում»,- ասված է ոստիկանության պարզաբանման մեջ: