Ամառային զորակոչի պլանը գերակատարվել է
Սեյրան Օհանյանը կարեւորել է իրականացված աշխատանքների վերլուծությունը՝ նկատված թերությունները վեր հանելու, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու եւ հաջորդ զորակոչին ավելի բարձր մակարդակով նախապատրաստվելու նպատակով, հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը:
ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը ներկայացրել է ամառային զորակոչի դրական միտումները եւ որոշակի բացթողումները: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների վիճակագրական տվյալներին:
Քննարկվել են հայտնաբերված իրավախախտումներին ու հանցագործություններին, զորակոչից խուսափողների նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմանը, ինչպես նաեւ գործընթացին առնչվող այլ հարցեր:
«Արձանագրվել է, որ ամառային զորակոչի պլանը գերակատարվել է, էապես նվազել են կոռուպցիոն դեպքերը, իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է եղել ամրապնդել զինված ուժերի հանդեպ հասարակության վստահությունը», - ասված է հաղորդագրության մեջ: