«Սահմանապահները»՝ Նարինե Գրիգորյան
Մեդիամաքսը շարունակում է ներկայացնել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում` հակառակորդի նշանառության տակ բնակվող երիտասարդների դիմանկարները, նրանց առօրյան ու պատկերացումները ապագայի մասին:
Շարքի հերոսներին հանդիպել ենք Երեւանում՝ նրանք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հովանավորությամբ մասնացել էին Թումո ճամբարին:
Այսօրվա հերոսը Նարինե Գրիգորյանն է:
Նարինեն 18 տարեկան է: Ծնվել եւ մեծացել է Մովսես համայնքում: Այս տարի ընդունվել է Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետը:
***
Երազանքիս մեծ մասը, կարելի է ասել՝ իրականացել է. շատ էի ուզում դպրոցից հետո կրթությունս շարունակել: Դա իմ կյանքի ամենամեծ ցանկությունն է եղել:
Մի քանի օր առաջ իմացա, որ ընդունվել եմ ԵՊՀ: Աննկարագրելի զգացողություն էր: Սկզբում անունս փնտրում էի վճարովի տեղերով ընդունվածների ցուցակում, չգտա, խուճապի մատնվեցի, հետո պարզվեց, որ անվճար համակարգում եմ սովորելու:
Ընկեր Արմանը (Արման Հայրապետյանը-Մեդիամաքս), որը Թումոյի ծրագրով մեզ Երեւան է բերել, մի շարք փաստաթղթեր էր մեզ հետ վերցրել, որ զեղչի համար դիմեինք, բայց դրանց կարիքը չեղավ:
Թումոյում անցկացրած մեկ շաբաթը շատ բան տվեց ինձ: Գյուղ վերադառնալուց հետո կկիրառեմ այն գիտելիքները, որ ստացել եմ այստեղ: Հատկապես հետաքրքիր էին լուսանկարչության դասերը:
***
Հիմա սովորելու համար պետք է Երեւան տեղափոխվեմ: Իմ գյուղը, ընտանիքս շատ կկարոտեմ: Սահմանամերձ գյուղում ապրելը շատ բան է տվել ինձ. մեր գյուղում ցանկացած երեխա հասուն է մտածում: Անբացատրելի է այն զգացողությունը, երբ ամեն օր կարող ես քնել ու արթնանալ կրակոցի ձայնի ներքո:
Մի անգամ Բերդ էինք գնացել, երբ գյուղ էինք վերադառնում, ճանապարհի մի հատվածում, որտեղից երեւում է մեր ողջ գյուղը, տեսանք, որ կրակում են գյուղի վրա… մթության մեջ իրար էին հետեւում գյուղի վրա եկող կրակոցների կարմիր բոցերը: Ասես ֆիլմից հատված լիներ: Այդ պատկերը դաջվել է հիշողությանս մեջ ու, երեւի, երբեք չի կորի…
***
Բուհն ավարտելուց հետո կվերադառնամ գյուղ: Ուզում եմ ամեն բան գյուղում դեպի լավը գնա, բնակչությունը շատանա: Պետության հիմքը գյուղն է. եթե երկրի սահմաններն ամուր լինեն, որի երաշխիքներից մեկը գյուղի կայունությունն է, պետությունն ապահով կլինի:
***
Երեւի չկա մարդ, որ չերազի խաղաղության մասին. երբ խաղաղություն լինի, մեր գյուղում կրակոց չի լինի, իսկ դա մեզ հուզող միակ հարցն է…
Ուզում եմ լավ մարդ դառնալ: Սիրում եմ կապույտը՝ խաղաղության գույնը:
***
Վախենում եմ այն մարդկանցից, ովքեր երկիրը ներսից քայքայում են…
Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի