Արցախում մեկնարկեց Համահայկական խաղերի վոլեյբոլի մրցաշարը
Այսօր Ստեփանակերտում կայացել է վոլեյբոլի մրցաշարի առաջին հանդիպումը: Ինչպես հաղորդում է Mediamax Sport-ի թղթակիցը Ստեփանակերտից, առաջինը պայքարի են դուրս եկել Արցախի ու Բերդի թիմերը:
Խաղի մեկնարկից առաջ ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանն ասել է, որ Արցախը բոլոր հայերի երկիրն է, ու իրենք ուրախ են թիմերին ընդունելու համար:
Համահայկական կոմիտեի փոխնախագահ Ստեփան Տեր-Պետրոսյանն էլ ավելացրել է, որ արդեն մյուս խաղերին պլանավորում են ֆուտբոլից ու վոլեյբոլից բացի նաեւ այլ մրցաշարեր կազմակերպել Արցախում:
Իսկ Արցախի ու Բերդի դիմակայությունում ակնհայտ առավելություն ունեին տանտերերը: Նրանք էլ կարողացան երեք մրցափուլերում առաջ անցնել Բերդից ու տոնել առաջին հաղթանակը:
Վաղը Գյումրին ուժերն է չափելու Բերդի հետ: Իսկ այսօր երեկոյան կայանալու է բացման արարողությունը, որին կհաջորդի ֆուտբոլային առաջին դիմակայությունը: