Անփորձ լինել կարելի է
Մինչ Հայաստանում նախընտրական ու հետընտրական կրքեր էին, Մյունխենի Collegium Carolinum գիտական գրադարանի գիտաշխատող գործընկերոջս հետ ապագայի մասին մեր զրույցից պարզեցի, որ իմ 31-ամյա կոլեգան, որն ավարտել է այս տարի Գերմանիայում լավագույնը ճանաչված Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի մագիստրատուրան՝ երկու մասնագիտացմամբ, իրեն անփորձ է համարում եւ դեռ մտածում է որպես գիտաշխատող գրադարանում պայմանագիրը երկարացնելու մասին, որպեսզի ժամանակ ունենա պատրաստվել հավանական գործատուի հետ ապագա հանդիպմանը:
Մինչ Հայաստանում նախընտրական ու հետընտրական կրքեր էին, Մյունխենի Collegium Carolinum գիտական գրադարանի գիտաշխատող գործընկերոջս հետ ապագայի մասին մեր զրույցից պարզեցի, որ իմ 31-ամյա կոլեգան, որն ավարտել է այս տարի Գերմանիայում լավագույնը ճանաչված Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի մագիստրատուրան՝ երկու մասնագիտացմամբ, իրեն անփորձ է համարում եւ դեռ մտածում է որպես գիտաշխատող գրադարանում պայմանագիրը երկարացնելու մասին, որպեսզի ժամանակ ունենա պատրաստվել հավանական գործատուի հետ ապագա հանդիպմանը:
Հետաքրքիր զուգադիպությամբ նույն օրը հայաստանյան լրահոսից պարզեցի, որ ահա Հայաստանում խիստ վիրավորական է, երբ քեզ անփորձ են անվանում, նույնիսկ եթե դու 26 տարեկան ես եւ նոր ես քայլեր անում մի ոլորտում, որին ոչ մասնագիտական թելերով, ոչ էլ նախկին գործունեությամբ առանձնապես սերտ կապված չես եղել: Եվ երբ փորձում էի հասկանալ, ինչու են հայաստանյան նորանշանակ պաշտոնյաները այդքան բուռն արձագանքում «անփորձ» բառին (չեմ անդրադառնում այստեղ հնչող հակափաստարկներին, որովհետեւ նախ անփորձությունը բնորոշում է, որին հակափաստարկներով պատասխանելը միամտություն է եւ երկրորդ՝ հակափաստարկները, որ բերվում են դարձյալ պատասխանողի անփորձության մասին են վկայում) հասկացա, որ այստեղ կրկին գործ ունենք Հայաստանի կրթական համակարգի հետ եւ եթե կուզեք նաեւ ընտանիքի ու դաստիարակության հետ:
26 տարեկանում մեր գերմանացի հասակակիցների այն մասը, որ քաղաքական վերնախավի անդամ է ուզում դառնալ, լավագույն դեպքում դեռ համալսարանի որեւէ ֆակուլտետում օր ու գիշեր սովորում է, վատագույն դեպքում պատրաստվում է հերթական անգամ եւս մեկ կիսամյակով ուսումը երկարաձգել, որովհետեւ գերմանական բուհերի մեծ մասում ուսանողները զուգահեռ երկու ֆակուլտետում են սովորում եւ սա այլընտրանք չունի: Հազվադեպ դեպքերում է նրանց հաջողվում ուսումն ավարտել նախատեսված ժամկետում, շատերը դպրոցից մագիստրատուրա հասնում են 7 կամ 8 տարում: Գերմանիայի բուհերը ամեն բան անում են, որ ուսանողները 6 ամսից մեկ տարի ժամկետով լինեն արտերկրում, աշխատեն կամ պրակտիկա անցնեն, ինչպես իրենք են ասում՝ փորձառություն հավաքելու համար: Շատերը նույնը անում են դպրոցն ավարտելուց անմիջապես հետո եւ երբեք չեն մտածում, որ այդպես կփլվի 26 տարեկանում կարիերայի գագաթնակետին հասնելու իրենց պլանը: Փոխարենը ոչ մի գերմանացի չի վիրավորվում, երբ իրեն 26 տարեկանում անփորձ են անվանում եւ շարունակում է սովորել ու փնտրել զբաղմունքն այնտեղ, որտեղ ինքը կհավաքի այդ փորձառությունը:
Իհարկե, սա շատ բարձր սպասելիքներ ու շատ հեռուն գնացող պլաններ կազմողների մասին է, էլ չենք խոսում այն մասին, որ Գերմանիայում ոչ մի տարի դպրոցն ավարտողների 70 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատություն չի ընդունվում եւ այս երկրում բացի իրավաբաններից, քաղաքագետներից ու բժիշկներից ուրիշ մարդիկ էլ են ապրում՝ միջին մասնագիտական կրթությամբ եւ համապատասխան աշխատանքով: Եվ այդ միջին մասնագիտական կրթություն ստացած գերմանացին, ինչպես նաեւ իր՝ մագիստրատուրայի երկու դիպլոմ ունեցող մյուս հայրենակիցը, գիտեն, որ անփորձ լինել էլ է կարելի: Գիտեն նաեւ, որ եթե գիտելիքը եւ մասնագիտական կարողությունները հնարավոր է արագ ձեռք բերել, փորձառությունը մի բան է, որն հավաքելու համար ժամանակ է հարկավոր, իսկ դրա համար լավ կլինի անփորձությանը հակափաստարկ մտածելու փոխարեն, օգտվել տրամադրված աշխատասենյակի ընձեռնած հնարավորություններից, գլուխը կախ աշխատել եւ հավաքել այդ փորձառությունը:
Աստղիկ Հակոբյանը լրագրող է, սովորում է Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի Հաղորդակցության եւ մեդիա հետազոտությունների ինստիտուտում:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: