Համբարձումյանի մրցանակը՝ զանգվածեղ աստղերն ուսումնասիրած խմբին
Խումբն առաջադրվել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի եւ ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի կողմից՝ «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների եւ գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձեւավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար»։
Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2019 թվականին։
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը աստղագիտության եւ աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների կարեւոր մրցանակներից մեկն է: Այն տրվում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակի համար շնորհվում է դափնեկրի դիպլոմ, հավաստագրով պատվանշան, $ 200 հազ. դրամական պարգեւ եւ $100 հազ. դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալու հաջորդող երկու տարիների ընթացքում օգտագործվում են Հայաստանում աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ հարակից՝ ֆիզիկայի եւ մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար:
$100 հազ. դրամական միջոցներից $50 հազ.-ը տրամադրվում է գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպման, $25 հազ.-ը՝ օտարերկրյա պետություններում ՀՀ գիտնականների գործուղումների ֆինանսավորման, $15 հազ.-ը՝ Հայաստանում գիտաժողովների կազմակերպման, $7200-ը՝ պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով սովորող ուսանողների կրթաթոշակների ֆինանսավորման, $2800-ը՝ դափնեկրի (դափնեկիրների) եւ մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացման համար: