Ստեղծվել է ընդդիմադիր «Ազգային օրակարգ» կուսակցություն
Նորաստեղծ կուսակցությունը լինելու է աջակենտրոն՝ ազգային-առաջադիմական գաղափարախոսությամբ։ Այն հանդես է գալու որպես արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ։ Կախված խնդրից եւ դիրքորոշումներից՝ պատրաստ են համագործակցել քաղաքական ցանկացած ուժի հետ։
Կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն իրենց հանրային գործունեությունը սկսել են 2006 թվականից՝ «5165» ակումբի, հայրենադարձությանը նպաստելու նպատակով ստեղծված «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի եւ «Արար» հիմնադրամի միջոցով, որն ուղղված է անվտանգության եւ պետական ինստիտուտների կայացմանը։
[[gallery1]]
«Մեր քաղաքական հայտը հիմնված է մեր արած գործի, մեր արձանագրած հաջողությունների եւ այն պատկերացման վրա, որ մեր հանրային գործունեությունը հասել է այն շեմին, որ կարող ենք հանդես գալ կուսակցության եւ քաղաքական ուժի ձեւաչափով։ Մեր հիմնադրամներն արդեն իրենց հաջողություններն արձանագրել են, եւ մեր պատկերացմամբ հաջորդ քայլը հայաստանյան եւ, ինչ-որ իմաստով, համահայկական քաղաքական ուժի ձեւավորումն է, որը մեզ հնարավորություն է տալու շատ ավելի մեծ ուժեր, ռեսուրսներ ներգրավվել մեր հայրենիքի բարեփոխման եւ ապագայի կայացման գործում»,- ասել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը։
Կուսակցության հռչակագրում ամենածավալունն անվտանգությանը վերաբերող հատվածն է։ Արցախի հարցի լուծումը, ըստ կուսակցության հիմնադիրների, Արցախի միացումն է Հայաստանին։
[[gallery2]]
«Պետք է սկսել նոր բանակցային օրակարգի ձեւավորում։ Պետք է զերծ մնանք պարտվողական Մադրիդյան սկզբունքների մոտեցումներից, պետք է շարունակենք Մինսկի խմբի ձեւաչափը, բայց այսօր ունենք նոր մոտեցումներով հանդես գալու հնարավորություն։ Մենք ուզում ենք բանակցային գործընթացում հայկական շահը հաշվի առնող հստակ ձեւակերպած դիրքորոշում։ Մինչեւ այդպիսի դիրքորոշման ձեւավորումը՝ բանակցությունների վերսկսումն իմաստազուրկ է»,- ասել է կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը։
«Ազգային օրակարգ» կուսակցությունը սկսել է անդամների հավաքագրումը. դիմողները պետք է ունենան «ազգային բովանդակություն, մասնագիտական որոշակի հմտություններ եւ արդեն ձեռք բերած հաջողություններ»։