Դիլիջանում բացվել է Արվեստների ու արհեստների կենտրոնը
Այսուհետ Դիլիջանի եւ հարակից համայնքների վարպետներն ու արհեստավորները կարող են օգտվել նորաբաց Արվեստների եւ արհեստների կենտրոնի հնարավորություններից՝ ստեղծելու արվեստի հետաքրքիր գործեր եւ հուշանվերներ։
Կենտրոնը հիմնադրվել է Եվրամիության եւ ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ դրամաշնորհային ծրագրով, որն իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը։
«Դիլիջանը մշտապես ունեցել է ոչ միայն զբոսաշրջային, այլեւ արվեստների ու արհեստների զարգացման մեծ ներուժ։ Այս կենտրոնում տեղացիները կարող են սովորել ու ստեղծել արվեստի ու արհեստի գործեր եւ միաժամանակ դրանց վաճառքից հավելյալ եկամուտ ստանալ», - ասել է «Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի ղեկավար Տաթեւիկ Սարգսյանը։
Դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գոշ, Հաղարծին եւ Թեղուտ գյուղերում բացվել են փոքր արհեստանոցներ, որոնք տեղակայված են համայնքների դպրոցներում։ Փոքր արհեստանոցներից կարող են օգտվել նաեւ դպրոցի աշակերտները։
Արվեստների ու արհեստների կենտրոնը, ինչպես նաեւ երեք համայնքային արհեստանոցները հագեցած են անհրաժեշտ կահույքով, սարքավորումներով եւ նյութերով։ Կենտրոնում կարող է աշխատել միառժամանակ 12 մարդ։
Արհեստավորների ու վարպետների համար անհրաժեշտ տարածք տրամադրելուց բացի, կենտրոնում աշխատող մասնագետները հնարավորություն ունեն իրենց արտադրանքը ներկայացնել եւ վաճառել այս ամառ նույն ծրագրի շրջանակում Դիլիջանում բացված Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնում։ Արվեստների ու արհեստների կենտրոնի համակարգողները պատրաստ են աջակցել ձեռներեց-վարպետներին նաեւ մասնագիտական խորհրդատվությամբ, որպեսզի նրանք կարողանան ստեղծել Դիլիջան այցելող զբոսաշրջիկներին հրապուրող հուշանվերներ։
Այսօր Դիլիջանում նաեւ բացվել է Ձմեռային տոնավաճառը։ Այն Դիլիջանի ու հարակից համայնքների բնակիչներին հնարավորություն է տալիս երկու օր անընդմեջ վաճառել իրենց պատրաստած ձեռագործ ապրանքները, իսկ մասնակիցներին՝ ականատես լինել հետաքրքիր միջոցառումների, երաժշտական համարների ու ներկայացումների UWC Դիլիջան դպրոցի սաների կատարմամբ։
Տոնավաճառի նախաձեռնողը UWC Դիլիջան քոլեջն է՝ Դիլիջանի Համայնքային կենտրոնի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ համատեղ։