Գեղարդը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ
Այսպիսով «Գեղարդի վանք եւ Ազատ գետի վերի հովիտ» վայրը դարձել է Հայաստանի առաջին մշակութային արժեքը, որին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է տրամադրվել, հաղորդում են ԱԳՆ-ից:
«Գեղարդի վանք եւ Ազատ գետի վերի հովիտ» վայրը 2000 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան:
«Ուժեղացված պաշտպանությունը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Այն նպատակ է հետապնդում ապահովել մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հատուկ հուշարձանների լիարժեք եւ արդյունավետ պաշտպանությունը` միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ: Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաեւ այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից:
Արձանագրությունը նաեւ սահմանում է քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում: Ուժեղացված պաշտպանության կարգավիճակ ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում այժմ ընդգրկված է մարդկության համար բացառիկ արժեք հանդիսացող 17 մշակութային արժեք։