Բաբլոյան. Մեզանում չպետք է լինեն սեւեր, կարմիրներ կամ սպիտակներ
«Քաղաքական գույների բաժանումները, եթե չենք կարողանում հրաժարվել դրանցից, տարածենք բացառապես քաղաքական պայքարի վրա, իսկ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն ընդամենը մեկ միասնական գույն, եւ դա հայկական եռագույնն է: Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերվում է բոլոր քաղաքական ուժերին:
Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից»,- հայտարարել է Արա Բաբլոյանը:
Դիմելով արցախցիներին՝ Արա Բաբլոյանն ասել է.
«Խնդրում եմ նախընտրական այս օրերին զերծ մնալ կրքեր բորբոքելուց եւ անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, մտքերի ոչ ճիշտ ձեւակերպումների հետեւանք են: Ինչպես արդեն նշեցի, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ բարեկեցիկ ապագան բոլորիս միասնական նպատակն է»: