Գերմանիայի նախագահն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
«Ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Գերմանիայում՝ իմ առաջին պաշտոնական այցի շրջանակում։ Գերմանիան Հայաստանի բարեկամն է, առաջնային տնտեսական գործընկերը, Հայաստան-Եվրամիություն օրակարգի գործուն աջակիցը։ Գերմանիան մեզ համար հետաքրքիր է նաեւ որպես խորհրդարանական կառավարման մոդել ունեցող պետություն, եւ մեզ համար խորհրդարանական ժողովրդավարության գերմանական փորձը չափազանց կարեւոր եւ ուսանելի կարող է լինել»,- նոյեմբերի 27-ին ասել է Արմեն Սարգսյանը:
Բարձր գնահատելով Գերմանիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող ֆինանսատեխնիկական, տնտեսական օժանդակությունը, ինչպես նաեւ աջակցությունը ժողովրդավարական եւ իրավական բարեփոխումներին՝ Արմեն Սարգսյանը կարեւորել է գիտակրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Մասնավորապես, հեռանկարային է համարվել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը, ուսանողների եւ գիտաշխատողների փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։