Տաթևիկ Հարությունյան. «Անհավանական բարի պատմությունը»
Մարիան ծնվել է Ֆինլանդիայում, որտեղ ամռանը ձմռան պես ցուրտ է, գիշերը` ցերեկվա պես լույս: Նրա զովությունը ջերմացնում է, իսկ լճերի ու անտառների հանդարտությունից ծնվում են ապագա ալեկոծություններ ու երազանքներ նոր աշխարհների ու երկրների մասին: Հայաստանը մի նոր աշխարհ է Մարիայի համար արդեն վաղուց: Նա տարվա մեջ մի քանի անգամ գալիս է Հայաստան և դեռ չհեռացած` սկսում է կարոտել: Նա ճամբարներ է կազմակերպում Հայաստանի տարբեր գյուղերի երեխաների համար, նրանց ամառային արձակուրդները լցնելով հեքիաթով, Ֆինլանդիայի և իր կյանքի մասին պատմություններով: Ֆինն կինը և հայ երեխաները իրար լավ են հասկանում:
Ճամբարային օրերը վերածվում են տոնի` սկզբում միայն երեխաների, ապա ամբողջ գյուղի համար:
Ճամբարային երեկոներին երեխաները օգնում են Մարիային խարույկ վառել: Խարույկի շուրջ ծնվում են երազանքներ` տարածվում օդի մեջ և գիշերը դառնում է ցերեկվա պես լուսավոր, կրակը չի թողնում, որ ոչ ոք մրսի: Նրանք, ովքեր չէին ցանկանում խոսել, սկսում են խոսել` անգլերեն, ովքեր չէին երգում, այժմ ուզում են պարել, ովքեր չէին ուզում ապրել գյուղում, հիմա ցանկանում են ապրել միայն իրենց ծննդավայրում, քանի որ ուրիշ ոչ մի տեղ գիշերը չի կարող այսքան գեղեցիկ լինել, մարդիկ` այսքան հարազատ, նույնիսկ` Մարիայի հայրենիքում:
Խարույկի մոտ է նաև ճամբարի պահապանը` գյուղի անտուն շներից մեկը: Նա առաջին օրվանից սիրեց Մարիային: Նա ճամբարի ամբողջ ընթացքում խնամեց շանը, բուժեց նրա վիրավոր ոտքը: Շունը այժմ ունի անուն և տեր: Նրան բոլորը սիրում են, նույնիսկ նրանք, ովքեր առաջ վիրավորում էին: Գիշերվա մեջ, խարույկի շուրջ կատարվում է անհավանական մի բան`բոլորը սկսում են հասկանալ, որ սերն ու հարգանքը մեծ արժեքներ են:
Մարիան երեխաներին պատմում է Լապլանդիայի և Սանտա Կլաուսի մասին: Նա խոստանում է, որ իրենց գրած նամակները անպայման կտանի Սանտա Կլաուսի գրասենյակ և եթե Սանտան կարողացավ, անպայման փոքրիկներին կուղարկի ամենացանկալի նվերը` Խաղաղություն:
Ահա մի անհավանական բարի պատմություն ֆինն կնոջ մասին, ով սիրահարված է Հայաստանին, հայկական մի գյուղի, գյուղի երեխաների երազանքի, ու մի անտուն շան մասին, ով այժմ ունի տեր և անուն: