Անահիտ Սիմոնյան. Բարությունը կյանք է պարգևում
Տարիներ առաջ հայրս սրտի ծանր հիվանդություն տարավ: Նախքան հիվանդանալը դեմքին նայելիս զգում էի՝ ինչ-որ բան այն չէ, սակայն երբևէ չէի պատկերացնում, որ նա կարող է լուրջ հիվանդություն ձեռք բերել:
Մի օր, երբ աշխատանքից վերադարձավ տուն նկատեցի, որ սփրթնել է: Ծխախոտ ուզեց, չտվեցի: Հետո շատ համառեց, տուփից մեկը վերցրեց և սկսեց ծխել: Այդ պահին ինձ համար անհասկանալի բան տեղի ունեցավ. հայրս սկսեց դողալ, ձեռքն անընդհատ սրտի կողմն էր տանում, ասում էր, որ սիրտն ուժեղ ցավում է: Շտապ օգնություն կանչեցի, հորս տեղափոխեցին Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոց:
Այդ չարաբաստիկ օրը մշտապես լաց էի լինում: Գիշեր-ցերեկ մնում էի այնտեղ, հորս հուսադրում, որ ամեն ինչ լավ է լինելու: Մինչդեռ նա չէր ցանկանում, որ գիշերները հիվանդասենյակում մնամ. «Բա որ քնեմ ու չելնեմ, ցանկալի չէ, որ այդ ամենին ականատես լինես», - ասում էր նա:
Իսկ ես զգում էի, որ իմ մնալն ու մտերմիկ զրույցները բարերար ազդեցություն են ունենում նրա վրա և նա աստիճանաբար ապաքինվում էր: Երկար տարիներ է, ինչ ապրում ենք միասին:
Անտարբեր մի´ եղեք ձեր հարազատների նկատմամբ, այն կործանում է ամեն ինչ, իսկ սերն ու հոգատարությունը շատ ավելին արժեն: