Սոֆյա Գարաքյան. «Անհավանական բարի պատմությունը»
- Արփի՛, իսկ դու ամեն տարի՞ ես ապրիլի երկուսին ծնունդդ տոնում։
- Հին կատակներդ էլ ծիծաղ չեն։
- Լավ, դե պարտադիր չի ծիծաղել, կարող էիր ուղղակի ժպտալ։ Արի գնանք համալսարան, էն վարդագույն ծառի տակ նստենք։
- Չկա վարդագույն ծառ։
- Դե միևնույն է հասկացար ինչի մասին եմ խոսում՝ գնացի՛նք։ Գիտե՞ս ինձ թվում է էդ ծառից մանգոյի հոտ ա գալիս։
- Չէ՜ պարանոյադ գարնանային սրացում է տվել։
...
Ա՛րփ, պատին հայտարարություն կա դեկանատից. «Հարգելի՛ ուսանողներ։ Սահմանին տիրող լարված իրավիճակի և ապագա անկանխատեսելի զարգացումների կանխատեսման կապակցությամբ, համալսարանի ուսխորհուրդը կազմակերպում է դասախոսություն «Առաջին բուժօգնություն» թեմայով»...
Չէ մի առաջին բուժօգնություն, դու տեսել ես երբևէ հիվանդանոցում թեկուզ բժշկի հսկողությամբ թողնեն միջամտություն անես։ Էլ ուր մնաց սահմանին։ Սպասի՛ հեռախոսն ա զանգում։
...
Արթնացա համալսարանի բուժկետում։ Ուշագնացությանս պատճառը ոչ այնքան Մարտունին ցնցած պայթյունն էր, որքան այն անհեթեթ միտքը, որ մայրիկիս հնարավոր է չտեսնեմ այլևս։ Այո՛, էգոիզմս հաղթեց։
Երեկոյան հոսպիտալում էի զինվորների խնամքին օգնող թիմի անձնակազմում։ Անկեղծորեն չէի պատկերացնում, ինչպիսի տեսք են ունենում մարդիկ պայթյունից հետո։
Բաց ատամնաշար, ամենևին ոչ կիսաբաց շրթունքների կողմից, արյունոտ բինտ, որ սահմանն է դարձել ծնկան, տնքոցներ, ճիչեր, զառանցական մտքեր... երկորդ ուշագնացությունս օրվա ընթացքում։
Հոսպիտալի հերթապահ անձնակազմը ի սրտե չսիրեց ինձ, արդարացի է, այդ իրական տառապանքի մեջ թուլամորթ ուշագնացություն։
Ինձ օգնեց կանգնել Սայադը և օրեր հետո իմ կյանքի առաջին ներարկումը փորձեցի նրա վրա։ Ես նրան ամենասովորական ցավազրկողն էի ներարկում, որ առժամանակ մոռացության կտար ֆիզիկական ցավը, զգում էի, որ յուրաքանչյուր կաթիլի տասնյակին համարժեք նա իր իրական նվիրումի, բարության ու ապրումակցման պատկերացումն էր փոխանցում ինձ։ Հասկանու՞մ եք, մարդն, ով օրեր առաջ իսկական ողբերգություն է վերապրել, այսօր իր մեջ կենսական անսպառ ուժ ուներ անփորձ, վախեցած աչքերով ու աշխարհի կարևորությունների մասին սխալ պատկերացում ունեցող մարդուն ինչ-որ բան փոխանցել։ Ինքնավստահություն հաղորդել։ Դա պարզապես ներարկիչ չէր։
....Հարյուրավոր ներարկումներ եմ արդեն կատարել, բայց էլ երբեք այդպես չդողաց ձեռքս և մատերիս բարձիկները էլ չզգացին թմբիկները անշոշափելի։
Այո՛, դրանք բարության թմբիկներն էին և ձեռքս դողում էր ներծծվող անծանոթ զգացումից։