Շուշան Ղազարյան. «Անհավանական բարի պատմությունը»
Միտքս եկան «մութ ու ցուրտ» տարիները. 1993 թվականի ձմեռը: Առաջին կուրսի ուսանող էի, քույրս ու եղբայրս՝ աշակերտներ: Հայրս կյանքից շուտ էր հեռացել: Մայրս՝ ուսուցչուհի, ով երիտասարդ տարիքից մեզ միայնակ էր մեծացնում: Տխուր էր ու ցուրտ էր…
Ցրտից բաժակների մեջ մնացած ջուրը սառցակալում էր: Այդ տարիներին շատ հազվադեպ էին նվերները. հիմնականում գնվում էր միայն խիստ անհրաժեշտը: Ինձ համար եկավ այդ օրերից մեկը: Քանի որ ձմեռային կոշիկներս շատ հին էին, մայրս գնեց նորը՝ երկարաճիտ և տա՜ք մորթիով: Բնականաբար շատ էի ուրախացել և ամբողջ օրը հագիցս չհանեցի: Եկավ քնելու ժամը, սկսեցինք հագնվել… Այդ ժամանակ մի քիչ այլ էին պայմանները. գիշերը հագնվում էինք ավելի հաստ, նոր քնում, որպեսզի բաժակով ջրի նման չսառցակալեինք: Այնքա՜ն տաք էին ոտքերս, որ չկարողացա ինձ ստիպել հանել կոշիկներս և որոշեցի դրանցով մտնել անկողին: Միևնույնն է մութ էր, և ոչինչ չէր երևում: Մի լավ մաքրեցի դրանք և բոլորից թաքուն պառկեցի:
Առավոտյան արթնացա շատ տաք ոտքերով. գոհ էի իմ հայտնագործությունից: Հանեցի իմ նոր ու շատ սիրելի «գիշերային» կոշիկները, հագա հները և գնացի դասի: Այս նույն գործողությունները ես անում էի ամեն օր ու շատ զգույշ, որ ոչ ոք չտեսնի: Անցավ մեկ շաբաթ ու ես զարմանում, միաժամանակ նաև ուրախանում էի, որ մայրս դա չի նկատում:
Եկավ ծննդյանս օրը, արթնացա, նորից նույն գաղտնի գործողությունները արեցի, «գիշերակոշիկներս» շատ խորը պահեցի պահարանում: Բոլորը արդեն գնացել էին իրենց գործերով: Ուզում էի դուրս գալ տանից, մոտեցա, որ հագնեմ այն հին կոշիկներս, տեսնեմ՝ չկան: Փոխաները դրված էր մեկ զույգ նոր, երկարաճիտ, տաք կոշիկներ: Հագա, գնացի, բայց մեծ հուզմունքով, մեծ երախտագիտությամբ և միաժամանակ՝ մեղքի զգացումով: Երբ վերադարձա տուն, մայրս արդեն տանն էր, համեղ ուտելիքներ էր պատրաստել: Մոտեցավ, շնորհավորեց ծնունդս, շատ հպանցիկ նայեց ոտքերիս, մեկ անգամ էլ համբուրեց ու էլ ոչինչ չասաց, միայն նվիրեց ինձ թղթի վրա գրված իր ստեղծագործությունը (աքրոստիքոս).
Շքեղ ու պերճ շա՜տ գարուններ դու ապրես,
Ուրախ կյանք եմ մաղթում ես քեզ, սեր անչա՜փ,
Շիտակ հոգի ու կարեկից սիրտ ունես,
Աստված թող տա քեզ խնդություն մի անափ,
Նուրբ ու քնքուշ իմ սիրասու՜ն դուստրն ես:
Մոտեցա, որ ինչ-որ շնորհակալական խոսք ասեմ, թե ներողություն խնդրեմ, մի խոսքով ամեն ինչ խառնվել էր իրար, շատ հուզված էի: Անկախ ինձանից աչքերս արցունքով լցվեցին, մայրս՝ իրեն բնորոշ ջերմ հայացքով նայեց աչքերիս ու մենք հասկացանք իրար…
Այնքա՜ն տաք էին և՛ հոգիս, և՛ որտքերս…
Երկու ամիս է, որ մայրս չկա. ծանր հիվանդ էր: Ու ես միշտ հիշում եմ ու կհիշեմ այս պատմությունը. տարօրինակ, անհավանական, տխուր և ուրախ, այս բարի պատմությունը: Միայն մեկ հարց է ինձ տանջում, որ ուզում եմ հարցնել և որը մնալու է անպատասխան. «Մա՛մ ջան, կարողացա՞ արդյոք ջերմացնել քո հոգին ու քո ոտքերը…»: