Եռագույն գուլպաներ՝ Տրյուդոյի ու Փաշինյանի համար
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն այս տարվա Դավոսի Համաշխարհային ֆորումի նիստերից մեկի ժամանակ հագել էր դեղին բադիկներով մանուշակագույն գուլպաներ՝ հայտնվելով միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:
[[gallery1]]
Կանադայի 46-ամյա վարչապետը գրեթե բոլոր կարեւոր հանդիպումների ժամանակ է տարբերվող գուլպաներ կրում: Այս նախասիրության մասին իմանալով՝ նրան հաճախ են գուլպաներ նվիրում:
2018թ. հոկտեմբերի 11-ից 12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում Braind ընկերությունը փորձելու է Տրյուդոյի հավաքածուին ավելացնել նաեւ հայկական դրոշի գույները:
Ընկերությունը հատուկ գուլպաները պատրաստել է Կանադայի ու Հայաստանի վարչապետների համար: Ասում են՝ իդեալական կլինի, եթե երկուսն էլ կրեն դրանք ու գագաթնաժողովին միասին նկարվեն:
[[gallery2]]
Մեդիամաքսի հետ զրույցում Braind ընկերության համահիմնադիր եւ արտ-տնօրեն Էդուարդ Քանքանյանը պատմել է եռագույն գուլպաների պատրաստման գաղափարի մասին:
Գաղափարը ծնվել էր դեռ գարնանը, երբ մամուլը հերթական անգամ քննարկում էր Կանադայի վարչապետի յուրօրինակ գուլպաները։ Էդուարդ Քանքանյանը պատմում է, որ երբ իմացան Ջասթին Տրյուդոյի՝ Երեւան հնարավոր այցելության մասին, որոշեցին հատուկ դիզայնով գուլպաներ պատրաստել:
[[gallery3]]
«Կապվեցինք Artsocks ընկերության հետ, որն էլ, ծանոթանալով գաղափարին, մեծ սիրով համաձայնեց 20 զույգ գուլպա արտադրել։ Հատուկ տուփը, որը պատրաստվել է տեղական Best Box ընկերության կողմից, ներառում է նաեւ Պռոշյանի գործարանի փոքր շշով կոնյակ»,-ասում է Էդուարդը։
[[gallery4]]
Պատրաստված փաթեթները երկուսն են. մեկը նախատեսված է Կանադայի, մյուսը՝ Հայաստանի վարչապետի համար։ Ընկերությունը դրանք արդեն փոխանցել է կառավարություն՝ հույս ունենալով, որ դրանք կհասնեն հասցեատերերին:
[[gallery5]]
«Համոզված ենք, որ եթե նվերը հանձնի մեր վարչապետը, այդ նորությունը կհայտնվի միջազգային մամուլում: Հաջորդ դրական ազդակը կլինի այն ժամանակ, երբ Տրյուդոն կրի այդ գուլպաները որեւէ պաշտոնական միջոցառման ժամանակ: Իդեալական կլինի, եթե երկու վարչապետները այդ գուլպաներով միասին լուսանկարվեն գագաթաժողովի ընթացքում»,- ասում է Էդուարդը։
Ամալի Խաչատրյան