Միլսը մեկնաբանել է Ամուլսարին նվիրված հանդիպումը վարչապետի հետ
«Այո, ես քննարկել եմ վարչապետի հետ Ամուլսարի ճանապարհների փակման հարցը եւ ողջունելի է, որ հարցը գտնվում է վարչապետի անձնական ուշադրության կենտրոնում: Մեզ համար հուսադրող է, որ վարչապետը պատրաստ է խորհրդակցել Լիդիանի ղեկավարության, ինչպես նաեւ շրջակա համայնքների ու խնդրին առնչվող կողմերի հետ, քանզի խնդրի ցանկացած լուծում անհրաժեշտաբար ներառելու է բոլոր կողմերին», - Մեդիամաքսին ասել է Ռիչարդ Միլսը:
Մեդիամաքսը նշում է, որ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպաններին հանդիպելուց երկու օր անց վարչապետը Փարիզում հանդիպել է Lydian International ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլի եւ խորհրդի անդամ Ջիլիան Դեյվիդսոնի հետ:
Սեպտեմբերի 15-ին՝ մեկնաբանելով այդ հանդիպումը, վարչապետն ասել էր.
«Մեր վերջնական որոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա: Ամռանը, երբ Ջերմուկում էի, առաջարկեցի ընկերությանը՝ համագործակցենք, ընդհանուր եզրակացության գանք, բայց, ցավոք, նրանք մերժեցին, մենք էլ ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Մեզ պետք է միջազգային անառարկելի կազմակերպության եզրակացություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ասել էր, որ ամենից շատ կարեւորում է նախագծի հնարավոր վտանգները Սեւանի եւ Ջերմուկի ջրերի համար։
«Այս պահին մենք դրական կամ բացասական պատասխաններ այս հարցերին չունենք: Եթե միջազգային փորձաքննության արդյունքում պարզվի, որ նման վտանգներ չկան, պետք է համաձայնենք, որ Ամուլսարը շահագործվի՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ մեծ ծավալի ներդրումները։ Իսկ եթե պարզվի, որ վտանգ կա, մենք այլ ճանապարհով կգնանք», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: