Պաշտպան. դատավորին ուղղորդելու պրակտիկան դատապարտելի է
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է իր դիրքորոշումը ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսային խոսակցության կապակցությամբ:
«Անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում: ՀՀ Սահմանադրության մակարդակով բարձր երաշխավորված է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը», - ասել է Պաշտպանը՝ նշելով, որ ուշադրության կենտրոնում կպահի
ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի քննության ընթացքը:
«Ըստ հեռախոսային խոսակցության մեջ առկա տվյալների՝ դատավորն ինքն է դիմել իրավապահ մարմնին ու խնդրել իր աշխատանքի ուղղորդում կոնկրետ քրեական գործով: Այս մասին քրեական հետապնդման մարմինները հայտարարել են նաեւ այդ խոսակցության ձայնագրության հրապարակումից հետո: Նշված երեւույթը խիստ մտահոգիչ է ու դատապարտելի, այս պրակտիկան վտանգում է դատավորի հեղինակությունն ու արդարադատության համակարգը երկրում: Դատավորը չպետք է անօրինական առնչություն ունենա իրավապահ մարմնի հետ ու ձեռնարկի իր անկախությունը խաթարող քայլեր: Մտահոգիչ է նաեւ գաղտնալսված հեռախոսային խոսակցության այն հատվածը, որն առնչվում է դատավորի աշխատանքին միջամտությանը», - ասել է Արման Թաթոյանը: