Անպայման կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, ասել է Նիկոլ Փաշինյանը
«Այո՛, կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, ինչո՞ւ ոչ: Անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որեւէ մեկի մոտ, որեւէ հավելյալ մտավախություն չլինի։ Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, մնացած բոլորը, մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
[[linked-news29845]]
Արա Բաբլոյանն օրերս հայտարարություն էր տարածել՝ խոր մտահոգություն հայտնելով երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
«Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները եւ հանրային համերաշխությունը վտանգված են։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության եւ հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու եւ անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում»,- հայտարարել էր ԱԺ նախագահը:
Նա նշել էր, որ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով նախատեսում է հանդիպումներ հանրապետության նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ