ՀԷՑ-ը կոչ է արել հոսանքազրկումներում քաղաքական ենթատեքստ չփնտրել
«Աննախադեպ շոգի պատճառով մեծացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, աճել՝ ընդհանուր վթարայնության աստիճանը: Սա հատկապես տեսանելի է Երեւանի Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում, ինչով էլ պայմանավորված են վերջին օրերի հոսանքազրկումները, որոնք կրում են զուտ տեխնիկական բնույթ: Ուստի խնդրին որեւէ քաղաքական ենթատեքստ տալը, մեղմ ասած, անհեթեթություն է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ բիզնես կառույց է, որը մեկ հիմնական գործառույթ ու նպատակ ունի. հուսալի ու անխափան էլեկտրաէներգիա մատակարարել իր բաժանորդներին։ Ընկերության բոլոր ծրագրերը, նաեւ երկարաժամկետ նախագծերը, որոնց մասին հայտարարվել է անցած տարվա նոյեմբերին, ուղղված են մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ ՀԷՑ-ը խիստ շահագրգռված է, որ բաժանորդները շարունակեն վստահել իրեն։
Չնայած վթարների քանակական աճին՝ հիմնականում վթարային անջատումները վերացվում են էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոններով սահմանված ժամկետներում (2 կամ 4 ժամ՝ քաղաքային եւ 2 կամ 8 ժամ՝ գյուղական համայնքներում՝ կախված սնուցման բնութագրից): Նշված ժամկետները խախտելու դեպքում (անկախ բաժանորդի դիմումի առկայությունից) էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնների 77 կետը նախատեսում է ՀԷՑ-ի կողմից տույժի վճարում՝ սպառած էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 ՀՀ դրամը:
Եթե բաժանորդը վնաս է կրել որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա ստանալու կամ վթարային անջատման հետեւանքով, նրա դիմումի առկայության պարագայում որոշակի ուսումնասիրությունից հետո վնասն ամբողջությամբ փոխհատուցվում է», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ: