ՀՀ ԱԳՆ. Մեր զինված ուժերն աջակցության կարիք չունեն
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից զորամիավորումներ տեղակայելու հնարավորության վերաբերյալ հարցին, ԱԳՆ խոսնակն այսօր ճեպազրույցում ասել է.
«Չեմ կարծում, որ մեր զինված ուժերը կարիք ունեն աջակցության՝ նախիջեւանյան հատվածում հաստատված լիակատար վերահսկողությունը պահպանելու հարցում:
Մեր սահմանների պահպանության հանձնառությունը դրված է ՀՀ զինված ուժերի վրա, եւ ինչպես ցույց տվեցին վերջին երկու օրերի իրադարձությունները, մեր զինված ուժերը վստահ եւ արդյունավետ իրականացրին այդ հանձնառությունը»:
Տիգրան Բալայանը մեկնաբանել է նաեւ Ադրբեջանում նախատեսված վարժանքները, ասելով, որ «Բաքուն բնավորություն է դարձրել լայնածավալ զորավարժություններ անցկացնել՝ առանց ԵԱՀԿ համապատասխան մարմիններին տեղեկացնելու»:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ հունիսի 30-ի երեկոյան եւ հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական կողմը Նախիջեւանի ուղղությամբ փորձել էր դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան հայկական կողմը պատասխան կրակ էր բացել եւ ամբողջությամբ այրել հակառակորդի դիրքերից մեկը: